ՀՀ ԱԱԾ-ն աշխատում է Վրաստանի իրավապահների հետ «Իգլա» համալիրի՝ ՀՀ տեղափոխելու նախնական տվյալների հավաստիությունը ստուգելու համար

Մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի կապակցությամբ իրականացվող նախաքննության ներկայիս փուլում կասկածյալների մասնակցությամբ կատարվում են տարաբնույթ քննչական գործողություններ, որոնք ուղղված են կատարված հանցանքին նրանցից յուրաքանչյուրի մասնակցության բնույթը և աստիճանը հստակեցնելուն, ինչպես նաև դեպքի մյուս հանգամանքները պարզաբանելուն:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից հայտնում են, որ միաժամանակ Վրաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ անցկացվում են համատեղ միջոցառումներ՝ հայտնաբերված ռազմամթերքը հայ-վրացական պետական սահմանով ենթադրաբար անցկացնելու վերաբերյալ ձեռք բերված նախնական տվյալների հավաստիությունը ստուգելու համար:

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը հայտնում է նաև, որ քրեական գործի շրջանակներում նոր զարգացումների առկայության դեպքում դրանց վերաբերյալ կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում