Հայաստանում պարտադիր ժամկետային զինծառայողները սեփական ցանկությամբ կներգրավվեն պայմանագրային ծառայության մեջ

Հայաստանում պարտադիր ժամկետային զինծառայության ենթակա անձինք սեփական ցանկությամբ պայմանագրային զինվորական ծառայության մեջ ներգրավվելու հնարավորություն կստանան: Հնարավորությունը սահմանվել է Հայաստանում պայմանագրային զինծառայության հնարավորությունների ընդլայնման վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության նոր ծրագրով: Այս մասին հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ մեկնաբանելով նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարությունը, որ նախարարությունն ավարտին է հասցրել մի ծրագիր, որով նախատեսվում է ընդլայնել պայմանագրային զինծառայության հնարավորությունները:

Ծրագրի ներդրման նպատակն է զարգացնել պայմանագրային զինծառայության համակարգը, ստեղծել ավելի արհեստավարժ բանակ և ավելացնել մարտական հերթապահության գործընթացում պայմանագրային զինծառայողների ներգրավվածությունը:

Հարցին՝ ծրագրի ներդրումը ենթադրո՞ւմ է պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի բարձրացում, նախարարությունը տվել է հետևյալ պատասխանը. «Զինծառայողների դրամական ապահովության չափերը սահմանվում են համապատասխան տարվա պետական բյուջեի և միջնաժամկետ ծախսային ծրագրի հնարավորությունների շրջանակներում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում