Բուլղարացի կամավորները պատ են կառուցում թուրք-բուլղարական սահմանին

Բուլղարացի կամավորները թուրք-բուլղարական սահմանին պատ են կառուցում, այդպիսով ցանկանալով կանխել մինչև ընտրությունները անօրինական ճանապարհով Թուրքիայի Բուլղարիա անցնել ցանկացողների մուտքը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հաշվի առնելով սահմանի անբարենպաստ իրավիճակը, թուրքական սադրանքներից խուսափելու և փախստականների անօրինական մուտքը կանխելու նպատակով մեր ակտիվիստները սկսել են թուրք-բուլղարական սահմանին կառուցել 4 մետր բարձրությամբ ցանկապատեր: Մոտ 11 կմ երկարությամբ ցանկապատը կառուցվում է թուրք-բուլղարական սահմանին գտնվող Մալկո Տարնովո քաղաքի մոտակայքում»,- նշել է բուլղարական ժողովրդական «Շիպկա» շարժման ներկայացուցիչ Նիկոլայ Իվանովը:

Նիկոլայ Իվանովի խոսքերով` ցանկապատի կառուցումն ամբողջովին իրականացվում է կամավորների միջոցներով: Ակցիային մասնակցում է մոտ 400 ակտիվիստ:

Թուրք-բուլղարական հարաբերությունները վերջին շրջանում լարվել են այն բանի հետևանքով, երբ թուրքական կողմը հանդես է եկել ի պաշտպանություն Մարտի 26-ին Բուլղարիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին առաջին անգամ մասնակցող է ԴՈՍՏ կուսակցությանը, որը ներկայացնում է այդ երկրում բնակվող 700 հազար թուրքերին:

Բուլղարական կողմը այս հանգամանքը դիտարկել է որպես միջամտություն իր երկրի ներքին գործերին:

Ավելի վաղ այդ կապակցությամբ Բուլղարիայի ԱԳՆ էր կանչվել Սոֆիայում Թուրքիայի դեսպանը, իսկ Անկարայում Բուլղարիայի դեսպանը կանչվել էր երկիր՝ խորհրդակցությունների նպատակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում