Վարչապետը հանձնարարեց վերացնել ճանապարհներին անվտանգությանը խոչընդոտող կառույցներ և անօրինական ճանապարհային նշաններ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում անդրադառնալով ճանապարհների խնդիրներին՝ նշեց, որ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարն իրեն զեկուցել է միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների ներկա վիճակի մասին: «Ըստ այդ տեղեկատվության, ճանապարհներին առկա են անվտանգությանը խոչընդոտող կառույցներ և անօրինական ճանապարհային նշաններ»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը և նախարար Վահան Մարտիրոսյանին հանձնարարեց ուսումնասիրել բոլոր ճանապարհների փաստացի վիճակն ու կառավարություն ներկայացնել ճանապարհների վերականգնման վերաբերյալ առաջարկություն, իսկ մարզպետներին հանձնարարեց ներկայացնել ճանապարհների վերականգնման առաջնահերթությունների վերաբերյալ տեղեկանք։

Կարեն Կարապետյանը տարածքային կառավարման նախարարին հանձնարարեց ստուգել ճանապարհներին առկա շինությունների օրինականությունը: Վարչապետը ոստիկանության պետին հանձնարարեց ստուգել և մեկամսյա ժամկետում ուսումնասիրել միջպետական և հանրապետական ճանապարհներին տեղադրված նշանների օրինականությունը և ներկայացնել առաջարկություն հնարավոր բոլոր խնդիրները վերացնելու վերաբերյալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում