Մեյը եվրոպացիներին բաց նամակ է ուղարկել Brexit-ից հետո ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը բաց նամակ է ուղարկել եվրոպական երկրների քաղաքացիներին, որում ընդգծել է Brexit-ից հետո ԵՄ-ի հետ հարաբերությունների պահպանման կարեւորությունը:

«Մենք թողնում ենք Եվրոպական միությունը, բայց չենք թողնում Եվրոպան, մենք ցանկանում ենք մնալ հավատարիմ գործընկերներ եւ դաշնակիցներ Իռլանդիայի եւ աշխարհամասի մեր բոլոր բարեկամների համար»,– ընդգծել է Մեյն Irish Times հրատարակության կողմից հրապարակված նամակում:

Մեծ Բրիտանիայի վարչապետը նաեւ նշել է, որ ինքն «անձամբ է պարտավորվում՝ ամրապնդել հարաբերությունները ԵՄ-ի հետ»:

Մեյը պնդում է, որ «ոչ մի բան չպետք է սպառնալիքի տակ դնի խաղաղ գործընթացը Հյուսիսային Իռլանդիայում եւ Բելֆասթյան համաձայնագրերի կատարումը»:

Բրիտանական կառավարության ղեկավարի խոսքով՝ ԵՄ-ի հետ բանակցությունները պետք է անցկացվեն «կառուցողականորեն, հարգանքի եւ համագործակցելու անկեղծ ձգտման ոգով»: Նա ընդգծել է, որ Միացյալ Թագավորությունը չի փորձելու մնալ ընդհանուր շուկայի անդամ, բայց ձգտելու է առավելագույն մուտք ապահովել այնտեղ «ազատ առեւտրի վերաբերյալ նոր եւ հավակնոտ համաձայնագրի միջոցով»:

«Մեր շահերից է բխում հանուն Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ-ի գործընկերության առավելագույն ազատության տրամադրումը բրիտանական ընկերությունների հետ առեւտրի համար»,-գրել է Մեյը:

Նրա կարծիքով՝ ԵՄ-ից դուրս գալուց հետո համագործակցության եւս մեկ կարեւոր ասպեկտ պետք է դառնա «առավելագույն սերտ համագործակցությունն անվտանգության բնագավառում»: «Այն, ինչ վերաբերում է տեղեկատվության փոխանակմանը մեր անվտանգության մարմինների միջեւ կամ եվրոպական սահմանների պաշտպանության համատեղ աշխատանքին, ապա մեզ հարկավոր են առավելագույն սերտ հարաբերություններ»,-ընդգծել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում