Սիրիահայ գործարարների հիմնած դեղագործական արտադրությունը թույլ կտա 30-40 տոկոսով նվազեցնել դեղորայքի գները

Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում ապրիլի 1-ին բացվեց «Թուֆենքչի գրուպ» դեղագործական արտադրանքի գործարանը, որը հիմնադրվել է սիրիահայ գործարարների կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` բացման արարողության ներկա գտնվեցին ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Լրագրողների հետ ճեպազրույցում Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, գործարանում արտադրվելու են ցանկացած դեղամիջոցներ, որոնք պահանջարկ ունեն ներքին շուկայում:

«Արտադրության սպառման դեպքում այն հնարավորություն կտա մինչև 30-40 տոկոսով շուկայում դեղորայքի գները նվազեցնել»,– ասաց Ալթունյանը:

Նրա խոսքով` նման տեսակի գործարան դեռևս չի եղել Հայաստանում:

«Իհարկե, ունենք դեղագործական արտադրություններ, որոնք զբաղվում են այլ գործառույթներով, սակայն փաթեթավորման այսպիսի արտադրություն դեռ չի եղել: Հուսով եմ, որ նման արտադրությունները կզարգանան»,– նշեց նախարարը:

«Թուֆենքչի» ընկերության նպատակն է թողարկել բարձրորակ դեղագործական արտադրանք, մասնավորապես` ցավազրկողներ, հակահիպերտոնիկներ, սննդային հավելումներ, վիտամիններ, հակադիաբետիկ դեղեր և այլն:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի կարևորեց այն հանգամանքը, որ գործարանը ստեղծվել է սիրիահայերի կողմից:

«Նման նախաձեռնությունները նախարարության համար շատ ողջունելի են և ուրախալի: Մենք պատրաստ ենք սփյուռքի մեր բոլոր հայրենակիցների կողքին լինել , որպեսզի նման նախաձեռնությունները ավելի հաճախակի լինեն և նրանց համար Հայաստանում գործունեություն ծավալելը լինի ավելի գրավիչ և ուրախալի»,– ընդգծեց Կարայանը:

Նախարարի կարծիքով` նման գործարանների բացումը կընդլայնի դեղագործական ոլորտում արտադրությունը:

«Այս նախաձեռնությունը կարևոր է դեղագործական ոլորտի զարգացման համար, որն ունի բավականին մեծ ներուժ և հեռանկար, որը դեռ իրացված չէ: ԵԱՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանը ստացել է լայն հնարավորություններ, որպեսզի կարողանա երկրում արտադրվածը արտահանել ԵԱՏՄ մեծ շուկա»,– նշեց Կարայանը:

«Թուֆենքչի գրուպ» գործարանի գործադիր տնօրենը Կառլո Գասպարը նշեց, որ 2017 թվականին «Թուֆենքչի» ընկերությունը նախատեսում է արտադրել 350-400 հազար ԱՄՆ դոլարի արտադրանք, ստեղծել 25-30 աշխատատեղ:

«Հետագայում նախատեսվում է ընդլայնել արտադրությունը, ինչի արդյունքում կստեղծվի ևս 50-60 աշխատատեղ: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի հետ սերտ համագործակցություն ենք ծավալել: Նախարարությունը ցույց է տվել մեզ ամենակարճ և դյուրին ճանապարհը, որպեսզի կարողանանք արագացնել գործարանի շահագործման գործընթացը»,-ընդգծեց գործադիր տնօրենը: Ըստ նրա` ընկերությունը նախատեսում է իր արտադրանքը արտահանել Սիրիա, Լիբանան, Հորդանան, Լիբիա, Ալժիր, Եմեն և այլն:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի դիտարկմամբ` նման նախաձեռնությունները կխթանեն մյուս սիրիահայերին Հայաստանում գործունեություն ծավալելու:

«Շատ հաճելի է, որ սիրիահայերը կան բոլոր ոլորտներում, և այսօր նման ձեռնարկություն է մեկնարկում: Սա նաև հույս և վստահություն է բոլոր այն սիրիահայերի համար, ովքեր դեռևս տատանվում են` մնալ հայրենիքում, թե ոչ: Սիրիահայերի ներուժը շատ մեծ է, նրանք բոլորն էլ ստեղծագործ, արարող և աշխատող նվիրյալ մարդիկ են»,- եզրափակեց նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում