ԱՄՆ-ը թեւավոր հրթիռներով հարված է հասցրել Սիրիայի տարածքին

Ամերիկյան նավերը թեւավոր հրթիռներով հարված են հասցրել Սիրիայի տարածքին: Ինչպես հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչը, 59 «Թոմահավք» հրթիռներ են արձակվել Հոմս քաղաքի շրջանում սիրական կառավարական զորքերի «Շայրաթ» ավիաբազայի տարածքին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: 

Այդ ավիաբազայից ապրիլի 4-ի առավոտյան սիրիական օդուժը հարված է հասցրել Իդլիբի նահանգի Խան Շեյխուն քաղաքին՝ ենթադրաբար կիրառելով քիմիական զենք: Այդ գրոհի զոհ են դարձել տասնյակ խաղաղ բնակներ, այդ թվում՝ երեխաներ:

Ինչպես ճշտել է ամերիկացի մեկ այլ պաշտոնյա, Միջերկրական ծովից նավերի գրոհին են ենթարկվել ավիաբազայի տարածքի մի քանի ռազմական օբյեկտներ՝ թռիչքավայրԷջքային գոտիները, ինքնաթռներն ու ուղղաթիռները, ինչպես նաեւ լցակայանները:

Նրա խոսքով՝ հրթիռային հարվածներն ուղղված չեն եղել Սիրիայում ռուսական ռազմական օբյեկտներին:

Ինչպես հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ կապիտան Ջեֆ Դեւիսը, ավիաբազայում տեղաբաշխված էին մի խումբ ռուսներ, բայց ԱՄՆ-ը վաղօրոք նրանց նախազգուշացրել էր նախապատրաստվող ռազմական հարվածի մասին:

Սիրիայի պետական հեռուստատեսությունը հաստատել է, որ հարձակման է ենթարկվել ավիաբազան: Նրա հայտարարության մեջ խոսվում է ամրիկյան ագրեսիայի մասին:

Ռազմական գործողության սկսվելու մասին առաջին հաղորդագրություններից շատ չանցած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել ազգին հղված ուղերձով:

«Այսօր ես կոչ եմ անում քաղաքակիրթ բոլոր երկրներին՝ գտնել Սիրիայում կոտորածին ու արյունահեղությանը վերջ դնելու միջոցը»,- ասել է նա:

«Քիմիական զենքի տարածման ու օգտագործման կանխումը կենսական կարեւորություն է Միացյալ Նահանգների ազգային անվտանգության համար»,– հավելել է նա:

«Կասկածի ենթակա չէ այն փաստը, որ Սիրիան արգելված քիմիական զենք է օգտագործել՝ խախտելով Քիմիական զենքի արգելման մասին կոնվեցիայի շրջանակներում ստանձնած իր պարտավորությունները, եւ անտեսել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հաստատակամ պահանջները»,- ընդգծել է Թրամփը:

Ըստ «Ասոշիեյթեդ պրես» գործակալության հաղորդման, ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Ռուսաստանը չկարողացավ կատարել Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման իր պարտավորությունները, որոնք նախատեսված էին 2013 թվականի պայմանագրով:

Նա նաեւ հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն արդեն ձեռնարկում են քայլեր, որոնք ուղղված են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնանկությանը: «Քայլերն արդեն արվում են», պետքարտուղարի խոսքը փոխանցում է CBS հեռուստալիքը:

Ապրիլի 4-ին Reuters գործակալությունը, վկայակոչելով Լոնդոնում գտնվող «Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի սիրիական կենտրոնը» (The Syrian Observatory for Human Rights), հայտնել է, որ Իդլիբի նահանգի Խան Շեյխուն քաղաքում իրականացված հարվածի հետեւանքով զոհվել է 58 մարդ, այդ թվում՝ 11 երեխա: Կենտրոնը նշել է, որ հարվածը կարող էին հասցնել Սիրիայի կառավարական ուժերը, որոնք «թունավոր գազ» են կիրառել:

Ռուս եւ սիրիացի զինվորականները ժխտել են իրենց մասնակցությունը կատարվածին: Ավելի ուշ ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ ապրիլի 4-ի ցերեկը Խան Շեյխունի արեւելյան ծայրամասերին հարվածը հասցրել է սիրիական օդուժը: Ռուսաստանի տվյալներով՝ դրա հետեւանքով ոչնչացվել են այն արտադրամասերը, որտեղ զինյալներն արտադրում էին թունավոր նյութերով զինամթերք, որը մատակարարվում էր Իրաքին, ինչպես նաեւ կիրառվում էր Հալեպում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում