Թուրքիայում սահմանադրական բարեփոխումները ցույց տվեցին հասարակության բևեռացվածությունը

Թուրքիայում սահմանադրական բարեփոխումները ցույց տվեցին հասարակության բևեռացվածությունը

Թուրքիայում սահմանադրական բարեփոխումների ընդհանուր պատկերը ցույց տվեց երկրի հասարակության մասնատվածությունն ու բևեռացվածությունը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:

«Նախկինում նույնպես այդ բևեռացվածությունը եղել է, սակայն ներկայում այն խորացվեց: Կարծում եմ, որ այդ իրավիճակն առաջիկայում դեռ տարբեր դրսևորումներ կստանա»,– ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:

Ներկայացնելով քվեարկության պատկերը` Լևոն Հովսեփյանը նշեց, որ այս անգամ իշխող կուսակցությունը ձախողվեց խոշոր քաղաքներում, հատկապես, Ստամբուլում, Անկարայում: Այնինչ, նախկինում այդ երկու քաղաքներում միշտ քվեարկել են հօգուտ իշխող կուսակցության: «Ոչ»-ի օգտին քվեարկել են միջերկրածովյան շրջանները, ինչպես նաև քրդերը:

Տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի արտաքին քաղաքականության բաժնի ներկայացուցիչ Դիանա Յայլոյանը, ով քննարկմանը Անկարայից միացել էր տեսակապով, նշեց, որ այս ընտրություններն առանձնանում են նախորդից մի կարևոր հանգամանքով:

«Այս ընտրությունները կազմակերպվել են այնպիսի քաղաքական միջավայրում, երբ երկրում հայտարարված է արտակարգ դրություն: Նախկինում նշվում էր, որ դա շուտով կվերացվի, սակայն երեկ մեր հեռախոսներին ստացանք հաղորդագրություն այն մասին, որ արտակարգ դրությունը երկրում շարունակվելու է մի քանի ամիս ևս»,-ասաց Դիանա Յայլոյանն` ընդգծելով, որ հանրաքվեի արդյունքների հետ կապված հասարակության մի ստվար զանգված հիասթափված է:

Նա նկատեց, որ չնայած իշխող ուժի ջանքերին, այն չկարողացավ հաղթանակ տանել բարձր տոկոսով: Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում տարբեր նախաձեռնությունների դեպքում Էրդողանին այլ քաղաքական ուժերի աջակցությունն է պետք լինելու:

«Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը, ով քննարկմանը Ստամբուլից միացել էր տեսակապի միջոցով, նշեց, որ այս հանրաքվեն երկրի փոքրամասնությունների առօրիայի վրա առանձնապես չի ազդի:

«Այս բարեփոխումները հատուկ մեզ համար դժվարություն չեն ստեղծում: Այսինքն` խնդիրն ընդհանուր երկրին, պետությանն է վերաբերում: Երկիրը մեծ ալեկոծումների մեջ է: Թուրքիան ուղղություն էր վերցրել դեպի Արևմուտք, ձգտում էր մոտ լինել արևմտյան բարքերին, սակայն տեսնում ենք, որ վերջին տարիներին այդ ուղղությունից լրիվ շրջված է: Դրան արձագանքում է նաև հասարակությունը: Այդ ալեկոծումները ազդում են և’ երկրի արտաքին քաղաքականության, և’ տնտեսության վրա: Ներդրողները շատ զգույշ են դարձել Թուրքիայի նկատմամբ, զբոսաշրջության գումարները զգալի նվա զել են: Ահա այս ամենը հաշվի առնելով, բոլորս լուրջ մտահոգություն ունենք երկրի ապագայի նկատմամբ»,-ասաց Բագրատ Էստուկյանը` նշելով, որ Թուրքիայում հայության մեծամասնությունը «ոչ»-ի կողմնակից է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում