Մարսելում բացվել է Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակը

Ֆրանսիայի Մարսել քաղաքում՝ Վալոն դե Մոնտեբելլո և Կամբոջայի փողոցների խաչմերուկում գտնվող հրապարակը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում անվանակոչվել է Սողոմոն Թեհլերյանի անունով: Անվանակոչման արարողության ներկա են գտնվել Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գ ոդենը, Էքս ան Պրովանս վարչական շրջանի ղեկավար Իվ Մորենը, հասարակական, քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Միջոցառումը կազմակերպել էին Մարսելի քաղաքապետարանը և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը:

«Սա Մարսելի հայ համայնքի դերի կարևորության ճանաչումն է: Այս կերպ նաև ասում ենք բոլոր ժխտողականներին, Ալիևին ու Էրդողանին, որ հայ ժողովուրդը ոտքի են կանգնել այնպիսի քաղաքում, ինչպիսին Մարսելն է»,- նշել է Իվ Մորենը:

Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենն էլ ընդգծել է, որ իրենց ցանկությունն է, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն ընդունի խորհրդարանի քվեարկության արդյունքները, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում Հայոց ցեղասպանության ժխտման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում