Մայիսյան եռատոնի կապակցությամբ Արցախում կանցկացվեն տարբեր հետաքրքիր միջոցառումներ

Մայիսյան եռատոնի կապակցությամբ մայիսի 9-ին Արցախում նախատեսված են մի շարք միջոցառումներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտնեց, որ այս անգամ մեծ ռազմական շքերթ չի լինելու:

«Մայիսի 9-ին նախատեսված են մեր ավանդական միջոցառումները: Լինելու է այցելություն Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղիկներ են դրվելու արցախյան ազատամարտի և Հայրենական մեծ պատերազմում զոհված հայորդիների հիշատակը հավերժանող հուշարձանին: Միջոցառումներ են նախատեսված նաև Շուշիում: Այցելություն կլինի Շուշիում սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձան, տանկի հուշարձան»,– ասաց Բաբայանը:

Մայիսի 9-ին եռատոնի կապակցությամբ Ստեփանակերտում նախատեսված է տոնական համերգ, լինելու են շնորհանդեսներ, տոնավաճառներ և այլ հետաքրքիր միջոցառումներ: «Այս անգամ մեծ ռազմական շքերթ չի լինի, իսկ մնացածը կլինի այնպես, ինչպես ավանդաբար լինում է»,- եզրափակեց Բաբայանը:

Մայիսի 9-ին հայ ժողովուրդը նշում է մայիսյան եռատոնը` Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում