Թուրքիայում ոստիկանությունը հարձակվել է Հայոց ցեղասպանության մասին գրքեր հրապարակող հրատարակչատան վրա

Թուրքական ոստիկանությունը մայիսի 7-ին հարձակվել է հայտնի հրապարակախոս, Հայոց ցեղասպանությունը ճանաչած գործիչ Ռագըփ Զարաքոլուի և նրա կնոջ՝ Այշենուր Զարաքոլուի հիմնադրած «Բելգե» հրատարակչատան վրա: Այս մասին հայտնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Շուրջ 40 տարի ընդդիմադիր բովանդակությամբ գրականության լույս ընծայմամբ զբաղվող «Բելգե» հրատարակչատանը ոստիկանությունն առգրավվել է երկու հազար գիրք: Թեպետ ոստիկանական աշխատակիցները հայտնել են, որ «Պետություն չունեցող քրդեր» և «Մահվանից ավելի դժվար որոշումներ» գրքերը հավաքելու որոշում ունեն, սակայն առգրավվել են այլ գրքեր ևս:

Հրատարակչատան աշխատակից Մեհմեթ Ալի Վարըշը ձերբակալվել է, ապա ավելի ուշ ազատ արձակվել:

«Բելգե» հրատարակչատունը հայտնի է Հայոց ցեղասպանության ու հայկական հարցի վերաբերյալ մի քանի տասնյակ գրքերի տպագրությամբ: Դրա հիմնադիր Զարաքոլուն բազմիցս այցելել է Հայաստան, նա դատապարտել է հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը՝ կոչ անելով թուրքական պետությանը ևս առերեսվել իրականությանը: Ներկայում Զարաքոլուն որպես վտարանդի բնակվում է Եվրոպայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում