Նորընտիր պատգամավորները երդվեցին

Նորընտիր պատգամավորները երդվեցին

Վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանում ՀՀ նախագահի ելույթից հետո պատգամավորները, համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի, երդվեցին:

Նիստը վարող ամենատարեց պատգամավորը` Կնյազ Հասանովը կարդաց երդման տեքստը. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»:

Պատգամավորների երդումից հետո նիստը նախագահողն Ազգային ժողով ընտրվելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրության հիման վրա պաշտոնապես հայտարարեց Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թիվը` 105, քաղաքական կոալիցիա կազմած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) անվանումները և ներկայացրեց պատգամավորներին` կարդալով յուրաքանչյուրի անունը, ազգանունը, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անվանումը, որից հետո պատգամավորները գրանցվեցին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում