ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է պետքարտուղարին զբաղվել խաղաղ ցուցարարների վրա հարձակված թուրքերի հարցով

ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է պետքարտուղարին զբաղվել խաղաղ ցուցարարների վրա հարձակված թուրքերի հարցով

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը նամակ է հղել ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընսին և պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին՝ կոչ անելով անհապաղ քայլեր ձեռնարկել պատասխանատվության ենթարկելու այն անձանց, ովքեր պատասխանատու են Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացված հարձակումների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Asbarez-ը:

«Տեսանյութերն ապացուցում են, որ կոստյում կրող տղամարդիկ դաժանորեն ծեծի են ենթարկում մի քանի մարդու, նետում են նրանց հատակին և ոտքով հարվածում գլխներին: Բազմաթիվ լրատվամիջոցներ գրում են, որ այդ անձինք եղել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգությունից, ովքեր ուղեկցել են նախագահին պաշտոնական այցի ժամանակ: Ահազանգող փաստ է այն, որ նման պահվածքը ապացույցն է Թուրքիայում քաղաքական ակտիվիստների, լրագրողների ու կրոնական ազատության լայնածավալ ոտնահարումների, ինչը վերջին տարիներին մեծ վնաս է հասցրել թուրքական ժողովրդավարությանը», – ասվում է Ռոյսի նամակում:

Նա հորդորել է պետքարտուղարին ու դատախազին անմիջապես զբաղվել այս հարցով և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր, քանի դեռ այդ անձինք չենք հեռացել Միացյալ Նահանգներից: «Օտար կառավարությունների գործակալները երբեք չպետք է ապահովագրված լինեն հանցավոր պահվածքի համար»,- նշել է կոնգրեսականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում