Թանգարանների միջազգային օրվա առիթով Երևանի թանգարանները թեմատիկ ցուցահանդեսներ են կազմակերլել

Թանգարանների միջազգային օրվա առիթով Երևանի թանգարանները թեմատիկ ցուցահանդեսներ են կազմակերլել

Թանգարանների միջազգային օրվա առիթով, ըստ ավանդույթի, Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարաններում կազմակերպվել են թեմատիկ ցուցահանդեսներ: Այս տարի ցուցահանդեսներն անցկացվել են «Ցավոտ պատմություններ, դժվար պատմելին՝ թանգարանում» ընդհանուր խորագրի ներքո և թանգարաններ մուտքն էլ եղել է ազատ ինչպես մայրաքաղաքի բնակիչների, այնպես էլ Երևանի հյուրերի համար: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Թանգարանների միջազգային օրվան «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը միացել է «Վան. կորուսյալ մայրաքաղաք» խորագիրը կրող ցուցահանդեսով, որի շրջանակում ներկայացվել են Վանին և Վան քաղաքի շրջակա տարածքներին վերաբերող այնպիսի դրվագներ, որոնց մեծամասամբ տեղեկացված են գիտական շրջանակները և այժմ դրանք ներկայացվում են նաև լայն հանրությանը:

Ժամանակակից արվեստի թանգարանն էլ օրվա առիթով կազմակերպել է «Դարի գծեր» խորագրով ցուցահանդեսը: Այստեղ ներկայացվել են Նորվեգիայում բնակվող մի ընտանիքից երեք արվեստագետների գրաֆիկական աշխատանքներ:

Կարեն Դեմիրճյանի թանգարանն էլ այցելուներին ներկայացել է «ԽՍՀՄ-ի մասին պատմում են թանգարանային առարկաները» խորագիրը կրող ցուցահանդեսով: Ավելի քան 30-ամյա իրերի շնորհիվ այստեղ վերարտադրվել է խորհրդային ժամանակների մթնոլորտը, ցուցասրահում գտնվող հնաոճ հեռուստացույցով էլ ցուցադրվել են ԽՍՀՄ տարիների մասին պատմող փաստավավերագրական ֆիլմեր:

Հիշեցնենք, որ Թանգարանների միջազգային օրվա առիթով անվճար է եղել ոչ միայն վերոնշյալ ցուցահանդեսների, այլև թանգարանների հիմնական ցուցասրահների մուտքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում