Վահան Կարապետյանը վստահեցնում է, որ որևէ մեկը իրեն չի ստիպել մանդատից հրաժարվելու դիմում ներկայացնել

«Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակով Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Վահան Կարապետյանը պարզաբանել է, թե ինչու էր խորհրդարանական ընտրություններից հետո մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ապա ետ վերցրել այն: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Կարապետյանն ընդգծեց, որ ինքը հիասթափված է եղել ընտրությունների արդյուն քներից և որոշել է ինքնաբացարկի դիմում ներկայացնել՝ վստահեցնելով, որ մանդատից հրաժարվելու դիմումը ներկայացրել է իր որոշմամբ, որևէ մեկը իրեն չի ստիպել գնալ այդ քայլին: «Ինձ չէին գոհացնում ընտրությունների արդյունքները, ավելի շատ ձայներ էի ակնկալում ստանալ: Հիասթափված էի և մանդատից հրաժարվելու դիմում գրեցի, բայց հետո փոշմանեցի ու ետ վերցրեցի այն»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նա:

Վահան Կարապետյանը նշեց, որ իրեն մանդատից հրաժարվելու դիմումը հետ վերցնելու հարցում համոզել է իր թիմը: «Մեր թիմը խնդրում էր, որպեսզի ես պահեմ մանդատը, և ես գնացի պարոն Ծառուկանի մոտ, նրան ասացի, որ ես մանդատը չեմ ցանկանում վերցնել, սակայն թիմն այդպես է ուզում, որոշեցինք, որ ես ետ վերցնեմ ինքնաբացարկի դիմումը»,- ասաց Կարապետյանը:

Նա ընդգծեց, որ այս պահի դրությամբ չի պատրաստվում վայր դնել մանդատը, սակայն նշեց, որ կվարվի այնպես, ինչպես կորոշի կուսակցությունը: Պատգամավորն ասաց, որ կուսակցությունից և Գագիկ Ծառուկյանից երբեք ոչ մի քայլ չի հեռացել ու շարունակում է հավատարիմ մնալ իր սկզբունքներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում