Բյուրականի աստղադիտարանում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ

ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Բյուրականի աստղադիտարանի նորընտիր տնօրեն Արեգ Միքայելյանը:

«Մինչև հիմա մեզ մոտ չկային պաշտոնապես ձևավորված բաժիններ: Յուրաքանչյուր փոքրիկ խումբ կամ առանձին գիտնական աշխատում էր այն ծրագրով, որով հարմար էր գտնում: Դա արդյունավետ չէր այնքան»,-ասաց Արեգ Միքայելյանը` նշելով, որ կառուցվածքային փոփոխությունները սկսվել են տնօրենի պաշտոնում իր ընտրվելուց մի քանի օր հետո: Հայտարարվել է գիտահետազոտական բաժինների վարիչների մրցույթ:

Չնայած Բյուրականի աստղադիտարանը Հայաստանի լավագույն գիտական հիմնարկների շարքում է, Արեգ Միքայելյանը դրանով չի ուզում բավարարվել, կարծում է, որ պետք է զարգացնել և ավելի շատ ապահովել առաջընթաց: Նա նկատեց, որ հիմա աշխարհում շատ մեծ քայլերով է գիտությունն առաջ գնում, հետևաբար պետք է ետ չմնալ: Մենք ունենք դրական փոփոխություններ, բայց դրանց տեմպը շատ դանդաղ է:

«Պետք է ունենանք զարգացման հեռակա տեսլական, այսինքն` մի քանի տասնյակ տարիների համար: Դա միջազգային մոտեցում է, Բյուրականի աստղադիտարանը պետք է դրան համընթաց գնա: Զարգացման տեսանկյունից այսօր երկու հակասական մոտեցման առաջ ենք կանգնել: Մեկն ավանդական ուղղություններն են, որոնք ուզում ենք պահպանել, զարգացնել, երկրորդը ժամանակից ուղղություններին հետևելն ու հետազոտություններ կատարելն է: Իմ մոտեցումը հետևյալն է, ոչ թե պետք է կտրուկ որոշում կայացնել, թե որ ուղղությունը պահել, այլ թույլ տալ, որ զարգանա ցանկացած նախագիծ, որը կկարողանա ապաց ուցել իր գոյության իրավունքը»,-ասաց նա:

ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրենի պաշտոնում Արեգ Միքայելյանն ընտրվել է 2017 թվականի ապրիլի 12-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում