Էրդողանն այսուհետ կրկին կղեկավարի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 21-ին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ 1414 ձայնով ընտրվել է կուսակցության նախագահի պաշտոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, այդպիսով ԱԶԿ-ում սկսվել է Էրդողանի ղեկավարման երկրորդ շրջանը:

Համագումարի ժամանակ Էրդողանը նշել է, որ 998 օր հետո կրկին վերադարձել է կուսակցություն: Նա անդրադարձել է երկրում հայտարարված արտակարգ դրությանը՝ նշելով. «Հարցնում են, թե երբ է հանվելու արտակարգ դրությունը: Իմ երկրում փորձում են քանդել պետությունը, դուք ինչ երեսով եք մեզ նման բան հարցնում: Չի հանվելու, քանի դեռ իրադրությունը չի հանդարտվել»:

Թուրքիայի նախագահն անդրադարձել է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցին: «Արդեն ստիպված չենք հանդուրժել Եվրամիության՝ մեր երկրի պատիվն անտեսող վերաբերմունքը: Կամ ԵՄ-ն պահում է մեզ տված խոստումը, կամ էլ ամեն ոք անում է իր իմացածը»,- նշել է Էրդողանը՝ ընդգծելով, որ իրենց նախընտրությունն անկախ ամեն ինչից Եվրամիության հետ ճանապարհը շարունակելն է:

Կուսակցության կանոնադրության մեջ համագումարում մտցվել է փոփոխություն և ԱԶԿ արդեն նախկին ղեկավար, վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարվել է որպես ԱԶԿ նախագահի տեղակալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում