Վարդենիկում, Շատջրեքում եւ Մաքենիսում կարկուտը վնասներ է պատճառել տնտեսություններին

Վարդենիկում, Շատջրեքում եւ Մաքենիսում կարկուտը վնասներ է պատճառել տնտեսություններին

Գեղարքունիքի մարզի Վարդենիկ , Շատջրեք եւ Մաքենիս գյուղերում հունիսի 12-ի ուշ երեկոյան տեղացած կարկուտը վնասներ է հասցրել առանձին տնտեսությունների: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիկի գյուղապետ Հովիկ Հովեյանը, Վարդենիկում կարկուտը տեղացել է ժամը 21.30-22-ի սահմաններում: «Կարկուտը տեղացել է գյուղի հարավային թեւում՝ գյուղատնտեսական ցանքերը վնասելով մոտ 20 հեկտար տարածքում: Տուժել է մոտ 100 տնտեսություն: Կարկտից էականորեն վնասվել է պտղատու ծառերի բերքը, բանջարբոստանային մշակաբույսերի սածիլները եւ կարտոֆիլի ցանքերը»,-ասաց Հովիկ Հովեյանը:

Շատջրեքի գյուղապետ Զոյա Գեւորգյանի տեղեկացմամբ՝ այդ գյուղում կարկուտը տեղացել է ժամը 22–22.30-ի սահմաններում, գյուղի հարավարեւմտյան մասում՝ վնասելով մոտ 200 հեկտար հացահատիկի եւ կորնգանի ցանքատարածություն, պտղատու ծառերի բերքը, բանջարբոստանային մշակաբույսերի սածիլներ: «Կարկտի մեծությունը գրեթե լորի ձվի մեծության էր, որը տեղաց մոտ 10 րոպե, ուժգին տարափով, ապա փոխվեց անձրեւի: Մեզ մոտ վնասներ կրել են մոտ 30 տնտեսություն»,-նշեց Զոյա Գեւորգյանը:

Մաքենիսի գյուղապետ Հարություն Մանուկյանի տեղեկացմամբ՝ Մաքենիսում եւս կարկուտը տեղացել է ժամը 22-22.30-ի սահմաններում: «Հիմնականում վնասվել են գյուղի տնամերձ հողամասերի պտղատու ծառերի բերքը, հացահատիկի ցանքերը եւ բանջարբոստանային մշակաբույսերի սածիլները»,- ներկայացրեց Հարություն Մանուկյանը:

Համայնքապետարաններում ճշգրտվում են տնտեսություններին հասցված վնասների չափերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում