Նաիրա Զոհրաբյանը հույսեր է կապում ձևավորվելիք հակակոռուպցիոն հանձնաժողովի աշխատանքի արդյունավետության հետ

Նաիրա Զոհրաբյանը հույսեր է կապում ձևավորվելիք հակակոռուպցիոն հանձնաժողովի աշխատանքի արդյունավետության հետ

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հույս ունի, որ Հայաստանում ձևավորվելիք հակակոռուպցիոն հանձնաժողովի աշխատանքն արդյունավետ կլինի կոռուպցիայի դեմ պայքարելու առումով: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պատգամավորը կարևորեց 2018 թ. ապրիլից ձևավորվելիք հանձնաժողովի անկախությունը: «Ես կարծում եմ, որ հակակոռուպցիոն հանձնաժողովի գոնե հարաբերական անկախությունը պարտադիր է»,- նշեց Զոհրաբյանը:

Դիտարկմանը, թե մինչ այս պահը գործել են կոռուպցիայի դեմ պայքարի տարբեր մարմիններ, որոնց գործունեությունն արդյունավետ չի եղել, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Դրանցից մեկը գործել է վարչապետին կից, մյուսը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն է: Դրանք գործունեության անկախություն չեն ունեցել: Այս հանձնաժողովը, որը ստեղծվելու է 2018 թ. ապրիլի 10-ին, իմ կարծիքով, ունենալու է որոշակի անկախություն: Տեսնենք ինչպես կլինի»:

Պատգամավորը չի շտապում կարծիք հայտնել կառավարության ծրագրի վերաբերյալ, որն առաջիկայում ներկայացվելու է Ազգային ժողովի քննարկմանը: Նա նշեց, որ դրա վերաբերյալ իրենց կարծիքը կհայտնեն այն ժամանակ, երբ կծանոթանան կառավարության ծրագրին, ինչպես նաև կունենան հաշվետվություն, թե ինչ է արել կառավարությունն անցած ամիսների ընթացքում:

Ազգային ժողովը հունիսի 9-ին միաձայն քվեարկությամբ ամբողջությամբ ընդունել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին և հարակից օրենքի նախագծերի փաթեթը: Օրենսդրական փաթեթին կողմ է քվեարկել 92 պատգամավոր: Հայտարարատու պաշտոնատար անձինք սույն օրենքով նախատեսված կարգով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացնում գույքի, եկամուտների հայտարարագրեր։ Հայտարարատու պաշտոնատար անձինք սույն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացնում փոխկապակցված անձանց մասին հայտարարագիր: Սույն օրենքի իմաստով հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք՝ նրա ամուսինը, անչափահաս զավակը (այդ թվում՝ որդեգրված), հայտարարատու պաշտոնատար անձի խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, հայտարարատու պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող ցանկացած անձ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացնում իրենց գույքի եւ եկամուտների հայտարարագիրը: Անչափահաս զավակի հայտարարագիրը ներկայացնում է հայտարարատու պաշտոնատար անձը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում