Լոնդոնում խոշոր հրդեհը կարող է հետաձգել Brexit-ի շուրջ բանակցությունների մեկնարկը

Լոնդոնում խոշոր հրդեհը կարող է հետաձգել Brexit-ի շուրջ բանակցությունների մեկնարկը

Լոնդոնի արեւմտյան մասում Grenfell Tower բնակելի տանը տեղի ունեցած խոշոր հրդեհի պատճառով կարող է ձգձգվել Պահպանողական կուսակցության եւ Հյուսիսային Իռլանդիայի Դեմոկրատական յունիոնիստական կուսակցության (ԴՅԿ) միջեւ համաձայնության կնքման վերաբերյալ հայտարարումը եւ հետաձգել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունների մեկնարկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է BBC կորպորացիան: Նրա տվյալներով՝ Հյուսիսային Իռլանդիայի ԴՅԿ-ի հետ պահպանողականների բանակցությունները շարունակվում են, երկու կողմերը մոտ են համաձայնության հասնելուն, սակայն բրիտանական մայրաքաղաքում տեղի ունեցած արտակարգ պատահարի ֆոնին քաղաքական գործիչների որեւիցե հայտարարությունն այժմ տեղին չի լինի:

Այսպիսով, ձեռք բերված գործարքի արդյունքների հրապարակումը կարող է հետաձգվել մինչեւ հաջորդ շաբաթ, ինչը կարող է հանգեցնել «Բրյուսելի հետ Brexit-ի շուրջ բանակցությունների մեկնարկի ուշացման», նշում Է BBC-ն:

Բրիտանացի պահպանողականները հունիսի 14-ին վերսկսել են ԴՅԿ-ի հետ բանակցությունները Համայնքների պալատում թորիների փոքրամասնության կառավարությանն աջակցության համաձայնագրի կնքման հարցի շուրջ: Reuters գործակալության աղբյուրի տվյալներով՝ կուսակցությունների միջեւ գործարքը կարող է կնքվել «մոտ ժամանակներս», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում