ԵՄ-ի առանց վիզայի ռեժիմ ունենալու համար պետք է պատրաստել օրենսդրական հենք. Սվիտալսկի

Հայաստանի՝ Եվրամիության հետ վիզայի ռեժիմի ազատականացման հարցը օրակարգում է: Այս մասին հայտնեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին լրագրողների հետ հանդիպմանը, որին ներկա էին նաեւ ՀՀ-ում Իտալիայի եւ Բուլղարիայի դեսպանները:

«Վիզայի դյուրացման փորձառությունը շատ դրական է, բայց պետք է ընդունենք, որ դա տեղի չի ունենա առաջիկա օրերին: Խնդիրը դրված է օրակարգում, ոչ ոք վիզայի ազատականացված ռեժիմի անցման հարցը օրակարգից չի հանել: Մի այլ բան է, թե ինչպես պետք է հայերը պատրաստվեն այս երկխոսությանը, թե արդյոք ժամանակը չէ սկսելու նախապատրաստել օրենսդրական հենք դրա համար: Դա պետք է լինի ազնիվ շահագրգռվածության դրսեւորում: Պետք է պատրաստել օրենքներ, ներմուծել ընթացակարգեր, եթե մտածում եք վիզայի ազատականացման մասին»,-ընդգծեց նա:

Հարցի համատեքստում Պյոտր Սվիտալսկին անդրադարձավ Վրաստանի եւ Ուկրաինայի օրինակներին՝ նշելով, որ 2013 թվականին նրանք որոշում կայացրին եւ հիմա կարողանում են օգտվել դրանից: ՀՀ ԵՄ ղեկավարը շեշտեց, որ մշտապես եղել է վիզայի ազատականացման ռեժիմի ջատագով, քանի որ Հայաստանին համարում է եվրոպական ընդլայնված ընտանիքի մի մասը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում