Երեւանում քննարկվել են մրցակցային դաշտի վերաբերյալ ամերիկյան ներդրումային ընկերությունների խնդիրները

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, ՀՀ-ում ԱՄՆ առևտրի պալատի հետ համատեղ քննարկել են մեր երկրում մրցակցային դաշտի վերաբերյալ ամերիկյան ներդրումային ընկերությունների խնդիրները, մտահոգություններն ու առաջարկները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` անդրադառնալով տնտեսական մրցակցության կարևորությանը, ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ասաց, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կարևոր դերակատարում ունի գրավիչ ներդրումային միջավայրի ստեղծման գործում: «Մենք Հանձնաժողովին խրախուսում ենք խթանել թափանցիկությունը՝ կառուցողական հանրային երկխոսություն ծավալելու հակամենաշնորհային օրենսդրությունը իրականացնող գերատեսչության, ակադեմիական շրջանակների, դատական համակարգի և մասնավոր հատվածի միջև՝ գործարար միջավայրի, սպառողների պաշտպանության բարելավման և դեպի Հայաստան ավելի շատ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով»,-ասաց նա:

Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի նախագահ Արա Հովսեփյանի խոսքով` ՀԱԱՊ-ը կարևորում է ազատ մրցակցության խնդիրը, օրենքների արդար կիրառումը և ձեռնարկատիրության զարգացումը Հայաստանում. «Մեր պալատը, լինելով պետական և մասնավոր հատվածների միջև կառուցողական երկխոսություն խրախուսող հարթակ, ՀԱԱՊ անդամ կազմակերպությունները հնարավորություն ունեն բարձրաձայնել իրենց խնդիրները, մտահոգությունները և առաջարկությունները Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչներին և ակնկալել անկեղծ պատասխաններ»,-ասաց Հովսեփյանը:

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը վստահություն հայտնեց, որ շարունակական համագործակցությունը բերելու է առկա խնդիրների համալիր լուծմանն ու առավել բարենպաստ մրցակցային միջավայրի ձևավորմանը. «Մենք, անշուշտ, վստահ ենք, որ մեր երկրում ներդրումային բարենպաստ միջավայրի համար մրցակցային դաշտը առանցքային կարևորություն է ներկայացնում: Այդ իսկ պատճառով անում և շարունակելու ենք անել ամեն ինչ՝ առկա խնդիրների լուծման, նոր գաղափարների և ծրագրերի ներդրման, ինչպես նաև օրենսդրական բարեփոխումների ուղղությամբ: Ես խորապես համոզված եմ, որ պետական մարմին- մասնավոր համակարգ ակտիվ համագործակցությունը բերելու է առկա խնդիրների համալիր լուծմանը: Նման հաջողված օրինակները մեր գործունեության ընթացքում բազմաթիվ են, երբ ձեր ազդակների շնորհիվ վեր ենք հանել ու լուծում տվել տասնյակ էական խնդիրների»:

Հանդիպման ընթացքում գործարարների հետ տեղի է ունեցել ակտիվ քննարկում վերջիններիս հուզող խնդիրների վերաբերյալ, որոնք հիմնականում առնչվել են օրենսդրական բարեփոխումներին, իրավական և ընթացակարգային մի շարք հարցերի, ինչպես նաև բարձրաձայնվել են որոշակի խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ Հանձնաժողովը կլինի հետևողական:

Հետևեք մեզ նաև Telegram-ում