Ավտովթարի պատճառով 14 տուժած զինծառայողներից մեկն ստացել է կրծքավանդակի ողերի կոտրվածք, նրան տեղափոխում են Երևան. Կամավոր Խաչատրյան

Ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 12 պայմանագրային զինծառայող, մեկի վիճակը գնահատվում է ծանր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Խոսնակը նշել է, որ զինծառայողը տեղափոխվում է Երևան, մյուսները հետազոտվում են, նախնական վիճակները գնահատվում է բավարար:

Իսկ ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Կամովոր Խաչատրյան էլ Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այս պահին իրեն զեկուցած տեղեկությունները 2 զինծառայողի մասին են:

«Անուն ազգանունները դեռևս չեն ասել, բայց մեկն ունի սրունքի կոտրվածք: Մյուսը, որին ցանկանում են տեղափոխել Երևան, ստացել է կրծքավանդակի ողերի կոտրվածք»,-ասաց նա:

Հարցին՝ կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ են, Կամավոր Խաչատրյանը պատասխանեց, թե իրեն զեկուցածով՝ ոչ, սակայն նկատեց, որ պատասխանը վերջնական կլինի, երբ Երևան տեղափոխեն ու համապատասխան ստուգումներ անցնեն:

Հոսպիտալացված զինծառայողներն այս պահին գտնվում են Վարդենիսի հոսպիտալում:

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին, ժամը 08:31-ին Մ-14 ավտոճանապարհի Վարդենիս-Շորժա հատվածի 25-րդ կմ-ին ՊՆ պետհամարանիշով «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 6 մ սահել մոտակա ձորակը (թափքը պոկվել է)։ 14 ուղևոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները 7 տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս 7-ինը՝ միջին ծանրության:

Հետևեք մեզ նաև Telegram-ում