ՀՀ եկամուտների կառուցվածքում մեծացել է հարկային եկամուտների տեսակարար կշիռը

Հայաստանի եկամուտների կառուցվածքում 2016թ. մեծացել է հարկային եկամուտների տեսակարար կշիռը: Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: «2016 թվականի արդյունքներով հարկային եկամուտների տեսակարար կշիռը կազմել է 92 տոկոս: Հարկերի և տուրքերի մասով բյուջեն համալրվել է 1 տրիլիոն 80 մլրդ դրամի չափով, որը ՀՆԱ-ի 21.3 տոկոսն է կազմում` նախատեսված 20.7 տոկոսի փոխարեն», – ընդգծեց Ջանջուղազյանը:

Նա հավելեց, որ հարկային եկամուտների հիմնական մասը կազմել է ԱԱՀ ուղղությամբ դրամական մուտքը` 391 մլրդ դրամ, որը կազմում է հարկային եկամուտների 36.2 տոկոսը:

«Հաջորդն իր մեծությամբ եկամտային հարկի բյուջեն է, որը 332.7 մլրդ դրամի մուտք է արձանագրել՝ 30.8 տոկոսը: Իր նշանակալիությամբ հաջորդը շահութահարկն է, որի մուտքը 127.2 մլրդ դրամ է կազմել կամ 11.8 տոկոս», – ընդգծեց Ջանջուղազյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում