Հայկական բանակն ունի լավագույն ռազմաբժշկական ծառայությունը. Պաշտպանության նախարար

Հայկական բանակն ունի լավագույն ռազմաբժշկական ծառայությունը, ինչը հետևանք է հանրապետությունում ռազմական բժիշկների մասնագիտական բարձր որակի, հատկապես, եթե դա վերաբերում է վիրաբուժությանը, վերակենդանացման բաժանմունքի աշխատանքին: Այս մասին հունիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նրա խոսքով` չնայած վերջին ամիսներին զինվորների կյանքի համար սպառնալիքներին, բժիշկների հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ փրկել զինծառայողների կյանքն ու վերականգնել նրանց առողջությունը:

«Բայց այստեղ դեռ շատ անելիքներ կան: Թեև բժիշկների մասնագիտական որակավորումը շատ բարձր է, այդուհանդերձ, ընդհանուր բժշկական ծառայության կազմակերպումը դեռ բազմաթիվ բացեր ունի՝ սկսած վարչարարությունից, վերջացրած գերժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ: Այս ուղղությամբ ևս ունենք ծրագրեր, որոնք առաջիկայում կփորձենք կյանքի կոչել»,- ասաց Սարգսյանը:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ առողջապահության նախարարության հետ քննարկում են Վարդենիսի, Սիսիանի և Բերդի զինվորական հոսպիտալների և քաղաքացիական հիվանդանոցների միավորման հարցը: Նրա դիտարկմամբ` հոսպիտալներն ավելի լավ են հագեցած, քան քաղաքացիական հիվանդանոցները, հաճախ քաղաքացիները բուժօգնության համար դիմում են հոսպիտալներ: Սարգսյանի խոսքով` հոսպիտալները ռազմավարական նշանակություն ունեն, բայց որպեսզի այդ ներուժը չպահեն զուտ պոտենցիալ հեռանկարի համար, նպատակահարմար է, որ քաղաքացիական բնակչությանը լիարժեք ծառայություն կարողանան մատուցել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում