«Հայկական Ժամանակ». Հայաստանում շաքարի բարձր գինը պայմանավորված է բացառապես Սամվել Ալեքսանյանի «ախորժակով»

Մեր տնային տնտեսուհիների համար սկսվել են ձմռան նախապատրաստական աշխատանքները: Մուրաբաների, ջեմերի ու կոմպոտների հերթական խմբաքանակները կհամալրեն մեր «չուլանները»: Իսկ նշված «արտադրանքների» կարևորագույն բաղադրիչը շաքարավազն է, որի մեկ կիլոգրամի գինը Հայաստանում 410 դրամ է:

Օգտվելով կապի և կոմունիկացիաների արդի ձեռքբերումներից, «Հայկական Ժամանակ»-ը փորձել է պարզել, թե ինչ արժե մեկ կգ շաքարավազը, ասենք, թանկուկրակ Եվրոպայում: Պարզվում է՝ օրինակ Գերմանիայում շաքարավազը շարքային սուպերմարկետում երեկվա դրությամբ արժե 69 եվրոցենտ: Եթե հաշվի առնենք եվրոյի փոխարժեքը, ապա կստացվի, որ Գերմանիայում շաքարավազի գինը մոտ 350 դրամ է: Հարևան Վրաստանում երեկ մեկ կգ շաքարը արժեր 1 լարի 55 թեթրի: Հայկական դրամով հաշված՝ մեր հարևան երկրում շաքարն արժե 310 դրամ: Ակնհայտ է, որ Հայաստանում շաքարի այսպիսի բարձր գինը պայմանավորված է միայն ու բացառապես այս շուկայի մոնոպոլիստի՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «ախորժակով»:

«Մոնոպոլ դիրքի այսպիսի խայտառակ չարաշահումը, սակայն ոչ մի կերպ չի գրավում առավոտից երեկո մրցակցության մասին նեյնիմներ ու մուղամներ ձոնող իշխանության ուշադրությանը»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում