ՊՊԾ գնդի գրավման գործով մի քանի պաշտպանների նկատմամբ դատարանը սանկցիա կիրառեց

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտյուշ Գաբրիելյանի նախագահությամբ հուլիսի 3-ին շարունակվում է Պարեկապահակային ծառայության գնդի գրավման անջատված գործով 18 մեղադրյալների առաջին դատական նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դատավորը սանկցիա կիրառեց փաստաբան Մոնիկա Մարգարյանի նկատմամբ՝ պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով դիմելով ՀՀ փաստաբանների պալատ: Պաշտպանը բացակայում էր դատական նիստերի դահլիճից:

Փաստաբան Կարապետ Բադալյանը նույնպես բացակայում էր դատական նիստերի դահլիճից, ուստի դատավորն ընդմիջում հայտարարեց վերջինիս վարքագծի վերաբերյալ որոշում կայացնելու համար:

«Հաշվի առնելով, որ Կարապետ Բադալյանը առանց նախագահող դատավորի թույլտվության լքել է դատական նիստերի դահլիճը, վերջինիս վարքագծի վերաբերյալ հարցը քննելու համար դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ», – նշեց Արտյուշ Գաբրիելյանը:

Ընդմիջումից հետո նախագահող դատավորը ընթերցեց պաշտպան Կարապետ Բադալյանի նկատմամբ սանկցիա կիրառելու որոշումը` պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով դիմելով ՀՀ փաստաբանների պալատ:

Պաշտպաններ Հայկուհի Սարգսյանը, Հայարփի Սարգսյանը, Գրիշա Բալասանյանը, Դավիթ Գյուրջյանը, Արա Ղարագյոզյանը, Կարեն Մեժլումյանը Հրանտ Գևորգյանի և Հարություն Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեցին դատարանին դատական նիստը հետաձգելու մասին, քանի որ սույն դատական գործով ապահովված չէ մի շարք ամբաստանյալների պաշտպանների ներկայությունը: Մեղադրական կողմը միջնորդության վերաբերյալ որևէ առարկություն չներկայացրեց: Արտյուշ Գաբրիելյանը նշեց, որ սույն գործով դատական նիստը նախապատրաստական փուլում է, ուստի որևէ դատաքննական գործողություններ չեն իրականացվում, որոնք կխախտի ամբաստանյալների իրավունքները:

Դատավորը նկատեց, որ պաշտպաններից Նինա Կարապետյանը, Դավիթ Գյուրջյանը, Արայիկ Պապիկյանը առանց դատավորի թույլտվության բացակայում են, ուստի ընդմիջում հայտարարեց՝ խորհրդակցական սենյակում նրանց վարքագծի վերաբերյալ որոշում կայացնելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում