«Հայկական Ժամանակ». Երեկվա երկրաշարժը զգացվել է Գյումրի, Ստեփանավան, Արթիկ քաղաքներում, Աշոտցք գյուղում

Հուլիսի 4-ին՝ ժամը 10:37-ին տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 10:21-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է երկրաշարժ, որի էպիկենտրոնը եղել է Գյումրից 11 կմ հյուսիս-արևմուտք:

Երկրաշարժի օջախը եղել է 10 կմ խորության վրա, մագնիտուդը՝ 3.5: Ստորգենտյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Գյումրի, Ստեփանավան, Արթիկ քաղաքներում, և Աշոտցք գյուղում՝ 3-4 բան ուժգնությամբ:

ԱԻՆ Շիրակի փրկարարական վարչության պետ Արթուր Կարապետյանն «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ որևէ բնակավայրից փլուզման դեպքի ահազանգ չի ստացել: Մայիսյանի գյուղապետն էլ հավաստիացրել է, որ համայնքում արտակարգ դեպք չի գրանցվել: Երեկ ահազանգեր չեն եղել Գյումրու վթարային բազմաբնակարան շենքերից:

Գյումրիում քարաթափումներ ու փլուզումներ չեն եղել, բայց թերթի տեղեկություններով որոշ թաղամասերում բնակիչները խուճապի են մատնվել, տևական ժամանակ լքել են բնակարանները, կանգնել դրսում: Մասնավորապես հայտնի է դարձել, որ Իսահակյան, գարեգին Նժդեհ փողոցների բնակիչները ցնցումը զգալով միանգամից բնակարաններից դուրս են եկել և մոտ մեկ ժամ հետո նոր միայն բարձրացել են բնակավայրեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում