ԱՄՀ-ն համաձայնվել է 1,6 մլրդ եվրո հատկացնել Հունաստանին

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրենների խորհուրդն սկզբունքային համաձայնության է հասել Հունաստանին 1,6 միլիարդ եվրոյի (1,8 միլիարդ դոլարի) չափով՝ օգնության հերթական մասնաբաժինը հատկացնելու շուրջը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասված է Հիմնադրամի՝ հուլիսի 20-ին տարածված հայտարարության մեջ:

Հունիսին ԱՄՀ-ի կարգադրիչ-տնօրեն Քրիստին Լագարդը Խորհրդին կոչ է արել հավնություն տալու Հունաստանին հերթական վարկաբաժնի տրամադրմանը: Լագարդն այն ժամանակ նշել է «Հունաստանի կառավարության կողմից զգալի առաջընթացը քաղաքական բարենորոգությունների իրականացման գործում»: Նրա խոսքով՝ նաեւ առաջընթաց է արձանագրվել երկրի պարտքի բեռի ապահովման գործում:

Հունիսի կեսերին Եվրախումբը հասել է նախնական համաձայնության, որը թույլ կտա Հունաստանին տրամադրել մակրոֆինանսական օգնության հերթական մասնաբաժինը, որը պետք է կազմի 8,5 միլիարդ եվրո: Եվրոպայի կայունացման մեխանիզմի (ESM) ղեկավար Կլաուս Ռեգլինգը նաեւ հայտարարել է, որ Աթենքը «մակրոֆինանսական օգնության նոր մասնաբաժնով 7,7 միլիարդ եվրո առաջին վճարումը» կստանա «հուլիսի սկզբին», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում