Դրամական պարգևներ, հուշանվերներ, գավաթներ. հայտնի Հայաստանի «Լավագույն մարզական ընտանիքը»

Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում անցկացվեցին «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 2017թ. եզրափակիչ փուլի մրցումները, որին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մարզպետներ, մարզիկներ և այլ հյուրեր:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի կազմակերպիչ Խաչիկ Ասրյանը նշեց, որ «Լավագույն մարզական ընտանիք-2017» մրցույթն անցկացվել է երեք փուլով, չորս տարիքային խմբերով՝ 6 մրցաձևերում, դրանք են` 3 խաղային փոխանցավազք, հեռացատկ տեղից, վարժություն բասկետբոլի գնդակով և պարանի ձգում:

Մրցույթի 1-ին փուլին Արցախից, Հայաստանի մարզերից մասնակցել է 1516 ընտանիք կամ 4 հազար 500-ից ավելի անձ: Եզրափակիչ է անցել նախնական փուլերը հաջողությամբ հաղթահարած 144 ընտանիք: Մրցույթի եզրափակիչ փուլում այս տարի մասնակցել է նաև հաշմանդամություն ունեցող 23 ընտանիք՝ հանրապետության մարզերից, Երևան քաղաքից և Արցախից:

«2004 թվականին Հայաստանում և Արցախում հիմնադրված «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը ամենամասսայական մարզական միջոցառումն է դարձել: Վերջին տասը տարիների ընթացքում այս մրցույթին մասնակցողների թիվն ավելացել է 13 անգամ: Եթե 2004 թվականին մասնակցել է 54 ընտանիք կամ 1062 մարդ, ապա այս տարի 1516 ընտանիք կամ 4.500 -ից ավելի անձ: Այս տարվա դեկտեմբերին, ամփոփելով «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը և դրանից բխող այլ մարզական միջոցառումների մասնակցության արդյունքները, ապա կարող ենք ասել, որ բոլոր տարիներին միասին վերցրած այս բոլոր մարզական միջոցառումներին, ընդհանուր առմամբ, գրանցվելու է 85 հազար 700-ից ավելի մասնակցություն Հայաստանից և Արցախից»,- ասաց Խաչիկ Ասրյանը:

Եզրափակիչ փուլ անցած մասնակիցներին ողջունելուց հետո նրանք իրենց ուժերը չափեցին մի քանի մրցաձևերում` խաղային փոխանցավազք, հեռացատկ տեղից, պարանի ձգում: Ավարտից հետո հրապարակվեցին հաղթողների անունները:

Սերժ Սարգսյանը, շնորհավորելով մրցույթի հաղթող ընտանիքներին, հանձնեց վկայագրեր, դրամական պարգևներ և հուշանվերներ:

«Այս զանգվածային սպորտային միջոցառումներին մասնակցելը ոչ միայն մեզ պարգևում է առողջություն, այլ նաև լավ տրամադրություն, հաստատակամություն, հավատ ապագայի նկատմամբ: Ուզում եմ, որպեսզի բոլորդ նայեք այս երեխաների աչքերին. տեսեք՝ ինչքան լույս է ճառագում, տեսեք՝ ինչքան վստահություն և ուրախություն կա, ուրեմն այն, ինչ-որ կատարվում է, տեղին է, անհրաժեշտ է, և մենք պետք է մեր հանրապետությունում պրոֆեսիոնալ սպորտի հետ զուգահեռ՝ մշտապես նպաստենք զանգվածային միջոցառումների անցկացմանը: Բոլորիդ շնորհավորում եմ և շատ շնորհակալ եմ»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Նազարյանների ընտանիքը, «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի ակտիվ մասնակցիներից է , արդեն 4-րդ անգամ է ճանաչվում է հաղթող և տուն է վերադառնում պարգևներով, նվերներով: Այս անգամ հաջողությունները մի քանի մրցաձևերով են:

«Հինգ մրցաձևով առաջին տեղ ենք զբաղեցրել, շնորհակալ ենք կազմակերպիչներին, ՀՀ նախագահին, որ նման հնարավորություն է ընձեռում մեզ: Իսկապես, շատ ոգևորիչ է, ակտիվ մասնակցում ենք, նպաստում ենք սպորտի, առողջ ապրելակերպի մասսայականացմանը: Ամեն տարի սպասում ենք խաղերին, մինչև գալը շատ լուրջ նախապատրաստվում ենք»,- ասաց ընտանիքի հայրը:

Առանձին ընտանիքներից բացի ՀՀ նախագահը գավաթներ հանձնեց նաև արդեն թիմային միավորներով հաղթած մարզերի ներկայացուցիչներին: Ընդհանուր միավորների արդյունքներով Երևանը զբաղեցրեց առաջին տեղը, Կոտայքը` երկրորդ, Շիրակը` երրորդ տեղը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ տարեց տարի մրցույթի մասնակիցների թիվն ավելանում է, այն մասսայական է դառնում:

«Շատ ընտանիքներ բավական ակտիվ են, մեր թիմը նույնիսկ թարմացվել է, սերնդափոխություն է եղել: Նոր թիմով կարողացանք կրկին հաղթել: Իսկ թե որն է Երևանի թիմի հաջողության գաղտնիքը, կարող եմ ասել` ամենօրյա աշխատանքը, ամենօրյա պարապմունքները»,-ասաց քաղաքապետը:

Կոտայքի թիմի ներկայացուցիչ Արա Սիմոնյանը նշեց, որ 14 տարի անցկացվող մրցույթի ակտիվ մասնակիցներից են: Ամեն տարի մարզից լավագույնները որոշվում են 3 փուլային մրցույթով` համայնքային, տարածաշրջանային, մարզային: Վերջում հաղթող ընտանիքները մասնակցում են եզրափակչին: Վերջին հինգ տարիների տվյալներով Կոտայքը զբաղեցրել է 2-րդ և 3-րդ տեղերը:

Շիրակի թիմը նույնպես լավ արդյունքներով աչքի է ընկնում: Ամեն տարի ունենում են վկայագրեր, դրամական պարգևներ և հուշանվերներ: Թիմի ներկայացուցիչ Վաչիկ Վարդանյանը նշեց, որ իրենց հիմնական մրցակից են համարում Երևանին:

«Առայժմ Երևանին զիջում ենք: Մի քիչ դժվար է մայրաքաղաքին հաղթելը (ժպտում է), Երևանը մասնակիցներ ընտրելու մեծ հնարավորություն ունի: Ամեն դեպքում ամեն ինչ դեռ առջևում է»,-ասաց Վաչիկ Վարդանյանը: Նա ընդգծեց, որ մրցանակային տեղեր զբաղեցնելուց բացի, կարևոր է սպորտի մասսայականությունը, առողջ ապրելակերպի քարոզումը:

«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի կազմակերպիչները, որպես երախտագիտություն, նախագահ Սերժ Սարգսյանին հանձնեցին գավաթ-հուշանվեր՝ «Լավագույն մարզական ընտանիք» միջոցառմանը հանրապետության նախագահի հոբելյանական 10-րդ այցի և միջոցառմանը մշտապես աջակցելու, մասնակիցներին խրախուսելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում