Խորովածի փառատոնի նկատմամբ հետաքրքրված են արտասահմանյան զբոսաշրջային գործակալությունները

Խորովածի միջազգային 9-րդ փառատոնը կանցկացվի օգոստոսի 20-ին Ախթալայում: Լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը:

Նա ընդգծեց, որ այս տարի, բացի հայկական զբոսաշրջային գործակալություններից, փառատոնի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել նաեւ արտասահմանյան զբոսաշրջային գործակալությունները:

«Այս տարվա փառատոնն ավելի հետաքրքիր ու բովանդակալից է լինելու եւ տարբերվելու է, ինչպես նախորդ փառատոններն էին տարբերվում: Ունենալու ենք թիմեր տարբեր վայրերից, Վրաստանը միշտ մասնակցություն է ցուցաբերել, նաեւ Ռուսաստանը: Նաեւ ունենալու ենք 30 տաղավար, նախատեսվում է այց Ավստրալիայից, այստեղ հենց ֆիլմ է նկարահանվելու, որում ներառվելու է հատված խորովածի փառատոնից: Հյուրընկալելու ենք ստամբուլաբնակ հայ երգչուհի Սիբիլին»,-նշեց Սեդրակ Մամուլյանը՝ տեղեկացնելով, որ այս տարի փառատոնը կանցկացվի ոչ թե Ախթալայի եկեղեցու, այլ մարզադաշտի տարածքում մասնակիցների եւ այցելուների թվաքանակի աճի պատճառով:

Հայաստանի զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանն էլ հավելեց, որ փառատոնն ամենակայացածներից է, եւ այն արդեն իրադարձություն է ոչ միայն Հայաստանում, այլեւ միջազգային հարթակում:

«Շատ կարեւոր է, որ այս փառատոնին հատուկ մասնակցելու համար զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան, զբոսաշրջային ընկերությունները ներառում են այն իրենց փաթեթներում: Նաեւ անհատապես Հայաստան այցելելիս զբոսաշրջիկը մնում եւ մասնակցում է փառատոնին»,-նշեց Մեխակ Ապրեսյանը:

Փառատոնի շրջանակում անցկացվող մրցույթին մասնակցելու են բավականին լուրջ փորձ ունեցող թիմեր Ավստրիայից, Լիտվայից, Ռուսաստանից: Հստակ նախանշված ժամկետում պատրաստելու են ձկան, հավի, տավարի, խոզի խորոված, ինչպես նաեւ աղանդեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում