Եկ Արցախ. Գանձասարի վանական համալիրում առաջիկայում կստեղծվի հացի մշակույթի թանգարան

Արցախի Մարտակերտի շրջանում գտնվող Գանձասարի վանական համալիրը, որպես ճարտարապետական եզակի կոթող, անտարբեր չի թողնում զբոսաշրջիկներին, ովքեր հատկապես ամառվա շրջանում ընտրում են Արցախը որպես զբոսաշրջային ուղղություն: 13-րդ դարում կառուցված վանական համալիրը Վանք գյուղի մոտակայքում է. դեռեւս 2000-ականներին մեկնարկեցին վանական համալիրի վերականգնման աշխատանքները, որոնք իրականացվում էին ռուսաստանաբնակ հայ գործարար Լեւոն Հայրապետյանի միջոցներով:

Գանձասարի վանքն առաջին անգամ օծվել է Վարդավառի տոնին, եւ ընդամենը մի քանի օր առաջ՝ հուլիսի 23-ին, վանքում նշվեց օծման 777-ամյակը:

Արցախյան ազատամարտի ժամանակ վանքը եղել է հակառակորդի հիմնական թիրախներից մեկը. վանքի պատերի, պարիսպների վրա մինչ այսօր կարելի է տեսնել 90-ականներից մնացած ռմբակոծության հետքեր, անգամ չպայթած արկը, որն արձակվել է եղել վանքի ուղղությամբ, սակայն այդպես էլ նպատակին չի հասել:

Արցախի թեմի փոխառաջնորդ, Գանձասարի վանահայր Սահակ վարդապետ Շաքարյանի խոսքով՝ վանական համալիրի վերանորոգմանն ուղղված բավականին լուրջ աշխատանքներ են իրականացվում, որոնք շարունակական բնույթ են կրում:

«Հիմնահատակ վերանորոգում է իրականացվել՝ խցերը, քառուղիները, ընդհանուր համալիրը: Առաջիկայում նպատակ ունենք հացի մշակույթի թանգարան ստեղծել այստեղ, որպեսզի կարողանանք ամբողջ աշխարհին ներկայացնել, թե ինչպիսի զարգացումներ է ունեցել հացի մշակույթը հայոց բարձրավանդակում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վանահայրը:

Գանձասարի պատմության՝ 11 լեզվով թարգմանված գիրքը առավել ընկալունակ եւ մատչելի է դարձնում զբոսաշրջիկների այցը դեպի վանական համալիր, որտեղ նրանք՝ ըստ վարդապետ Շաքարյանի, հատկապես տպավորվում են մարդկանց հյուրասիրությամբ:

Վանքի մոտակայքում նաեւ կարելի է տեսնել Գանձասարի մատենադարանը, որը նույնպես կրում է Մեսրոպ Մաշտոցի անունը: Այն բաղկացած է գիտական և թանգարանային բաժիններից, դահլիճից, որտեղ կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, գիտաժողովներ, գրադարանից ու ընթերցասրահից: Արցախյան մատենադարանում կարելի է ծանոթանալ վաղ միջնադարից մինչև նոր շրջանն ընկած ժամանակահատվածն ընդգրկող ձեռագրերին, հնատիպ գրքերին:

Ինչպես հենց վանքի պատերին փորագրված պատկերներն են առեղծվածային ու չբացահայտված, այդպես էլ չորս կողմում սփռված բնաշխարհը, որն արժե կյանքում գոնե մեկ անգամ տեսնել ու զգալ:

ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի «Բացահայտիր քեզ համար քո երկիրը» արշավի շրջանակում Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ հուլիսի 22-24-ը հայաստանյան մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար կազմակերպվել էր ճանաչողական այց դեպի Արցախ: Հայաստանյան 5 մեդիաընկերությունների 8 ներկայացուցիչների համար կազմակերպվել են մի շարք էքսկուրսիաներ դեպի Արցախի հիմնական զբոսաշրջավայրեր, տեղեկատվություն է փոխանցվել արցախյան զբոսաշրջային ներուժի, Արցախում գործող թանգարանների, պետական պատմամշակութային ու բնապատմական արգելոցների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների և զբոսաշրջության բնագավառին առնչվող այլ ուղղությունների մասին` նյութեր պատրաստելու և զբոսաշրջիկներին ներկայացնելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում