Հրաչյա Հարությունյանը կշարունակի պատժի կրումը. Հայաստանը ճանաչեց ՌԴ դատարանի դատավճիռը

Հրաչյա Հարությունյանը կշարունակի պատժի կրումը. Հայաստանը ճանաչեց ՌԴ դատարանի դատավճիռը

Ռուսաստանում 2013թ. տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանը կշարունակի պատիժը կրել Հայաստանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նուբարաշեն և Էրեբունի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աննա Դանիելյանի նախագահությամբ բավարարեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության միջնորդությունը:

ՀՀ արդարադատության քրեակատարողական վարչության իրավաբանական վարչության պետ Տիգրան Սահակյանը միջնորդել էր դատարանին ճանաչել Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանի դատավճիռը: Հրաչյա Հարությունյանը ներկայացված միջնորդության հետ համաձայնվել էր:

2013թ. հուլիսին Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի մերձակայքում բեռնատարով բախվել էր ուղևորատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ էր զոհվել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել: Հրաչյա Հարությունյանը Ռուսաստանում 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել: 2017թ. հուլիսի 20-ին Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում