«Arm Security-2017». Անվտանգության տեխնոլոգիաները շուտով ցուցադրության կհանվեն

«Երևան-Էքսպո» ցուցահանդեսային համալիրում սեպտեմբերի 2-4-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգմամբ, մեկնարկելու է «Arm Security-2017» անվտանգության բարձր տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը՝ «Անվտանգ Հայաստան» խորագրով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, միջոցառմանը կցուցադրվեն արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման համակարգեր ու տեխնոլոգիաներ, ինչպես նաև փրկարարական և հրդեհային անվտանգության ծառայությունների համար նախատեսված հատուկ տեխնիկա` հիմնական արտադրողներից:

Ցուցահանդեսի ընթացքում հանրությանը ներկայացվելու են աղետների ռիսկերի նվազեցման և դրանց հետևանքների չեզոքացման, փրկարարական գործողությունների իրականացման, արտակարգ իրավիճակների մոնիթորինգի համար նախատեսված նորարարական բարձր տեխնոլոգիական միջոցներն ու սարքավորումները:

Ցուցահանդեսին ներկա են գտնվելու հայաստանյան և արտասահմանյան բարձրաստիճան պետական այրեր, ոլորտի ակնառու ներկայացուցիչներ: Իրենց արտադրանքն ու ծառայություններն են ներկայացնելու միջազգային և հայկական ընկերություններ:

Ցուցահանդեսի գործնական ծրագրի շրջանակներում նախատեսվում են երկօրյա կոնֆերանսներ` նվիրված արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման, հրդեհային անվտանգության ապահովման, աղետների մարտահրավերների դեմ պատրաստվածության թեմաներին:

Նախատեսված են քննարկումներ ՀՀ ԱԻ նախարարության ու կիբերանվտանգության ոլորտի ներկայացուցիչների, ապահովագրական ընկերությունների, գազալցակայանների, բենզալցակայանների, ատոմակայանի բարձրաստիճան ղեկավարության միջև` նվիրված արտակարգ իրավիճակներում տարածքների և բնակչության արդյունավետ պաշտպանողական համակարգի ստեղծման խնդիրներին. առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների պարտադիր ապահովագրության անհրաժեշտությանը, արտակարգ իրավիճակների արդյունքում առաջացած վնասների փոխհատուցման պետության բեռի թեթևացման հնարավորություններին և այլն:

Գործնական ծրագրի շրջանակներում նախատեսվում են նաև այլ միջոցառումներ և հանդիպումներ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի միջև:

Հետևեք մեզ նաև Telegram-ում