Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները չեն կարող լուրջ ազդեցություն ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա. քաղաքագետ

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը քաղաքական հարց, ուստի դժվար թե Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները կարողանան լուրջ ազդեցություն ունենալ հակամարտության կարգավորման վրա: Օգոստոսաի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` մեկնաբանելով տեղեկատվությունը, որ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն սեպտեմբերին կայանալիք հանդիպմանը քննարկելու են ղարաբաղյան հակամարտությանն ու տարածաշրջանային խաղաղությանն առնչվող հարցեր:

«Չեմ կարծում, որ այդ հանդիպումը կարող է ինչ-որ ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Դա քաղաքական հարց է, և ես չեմ կարծում, որ հոգևոր առաջնորդները կարող են փոփոխություններ մտցնել գործընթացում: Հոգևոր առաջնորդները ժամանակ առ ժամանակ հանդիպում են, բայց դա գործընթացի վրա լուրջ ազդեցություն չի կարող ունենալ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Իսկանդարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում