Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցմանը մասնակցած կազմակերպություններին ու անհատներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Վարդենիս-Մարտակերտ մայրուղու պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը երախտագիտություն է հայտնել մայրուղու կառուցմանը գործուն մասնակցություն ունեցած բոլոր կազմակերպություններին ու անհատներին: Այս մասին Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Սեպտեմբերի 1-ին Շահումյանի շրջանում Արցախի եւ Հայաստանի Նախագահների մասնակցությամբ տեղի է ունեցել Վարդենիս-Մարտակերտ մայրուղու պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը:

Իր ելույթում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ այս ճանապարհը սոսկ տրանսպորտային ենթակառուցվածք չէ, այլ կարեւորագույն շնչերակ, որն ավելի ամուր կկապի Արցախը Մայր Հայաստանի հետ եւ կնպաստի մեր հանրապետության համար կենսական նշանակություն ունեցող մի շարք խնդիրների լուծմանը:

«Ճանապարհի կառուցումը Արցախում իրականացված խոշորագույն ներդրումային ծրագրերից է, որը կյանքի է կոչվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի խողովակներով, համայն հայության ակտիվ մասնակցությամբ»,- նշել է Բակո Սահակյանը՝ երախտագիտություն հայտնելով մայրուղու կառուցմանը գործուն մասնակցություն ունեցած բոլոր կազմակերպություններին ու անհատներին:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձիք, ներկայացուցիչներ Հայաստանից եւ Սփյուռքից, հյուրեր արտերկրից:

Ավտոճանապարհը սկիզբ է առնում Գեղարքունիքի մարզից և Արցախի Շահումյանի շրջանով ձգվում մինչև Մարտակերտի շրջան։ 114․6կմ երկարությամբ ճանապարհն ունի 10 և ավելի մետր լայնություն։ Մայրուղին ունի օժանդակ կառույցներ, այդ թվում՝ ջրահեռացման խողովակներ, ափապաշտպան կառույցներ, հենապատեր, եզրաքարեր, վերանորոգված 17 մեծ ու փոքր կամուրջներ։

Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ 25 տարվա գործունեության ընթացքում իրականացրած ամենախոշոր ծրագիրն է։ Ծրագրի ընդհանուր արժեքն է մոտ 17մլրդ ՀՀ դրամ, որից 7․500 000 000 դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 1 950 000 000 դրամը՝ ԱՀ կառավարությունը։ Մնացած գումարը «Հայաստան» համահայկական հիմնադրամը հավաքագրել է 2013 և 2014 թվականների հեռուստամարաթոնների շրջանակներում, որոնց իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել Միացյալ Նահանգների, Բրազիլիայի, Իտալիայի, Շվեդիայի, Ռուսաստանի, Լիբանանի, Իրանի հայ համայնքների, Հայաստանի ու Արցախի նվիրատուները։

Ինչպես տեղեկացրին հիմնադրամից, Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցման ծրագրի շրջանակներում իրականացվել են նաև լրացուցիչ աշխատանքներ. կառուցվել են մայրուղուց դեպի Չափառ գյուղ տանող մոտ 4կմ ճանապարհահատվածը և մայրուղուց դեպի Դադիվանք տանող 1կմ 150մ ճանապարհը, վերանորոգվել Դրմբոնից դեպի Մարտակերտ տանող 11.6կմ ճանապարհը: Հիմնադրամի և կապալառու ընկերությունների միջև կնքված պայմանագրի համաձայն՝ վերջիններս պարտավորվում են 5 տարի երաշխիքային սպասարկում իրականացնել ամբողջ ճանապարհի երկայնքով։

Ռազմավարական նշանակության նոր մայրուղու գործարկումը զգալիորեն կրճատում է ոչ միայն այն ժամանակն ու տարածությունը, որն այսօր անհրաժեշտ է Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհով Արցախի հյուսիսային շրջաններ ուղևորվելու համար, այլև ամրապնդում է միջհամայնքային կապերը՝ նպաստելով հարակից համայնքների տնտեսական զարգացմանը, խթանում է զբոսաշրջությունը` աշխուժացնելով երկու հանրապետությունների սոցիալ-տնտեսական կյանքը: Ճանապարհը հնարավորություն է տալիս նաև ծանոթանալ մեր պատմամշակութային հուշարձաններին ու վայելել հայրենի բնաշխարհի գեղեցկությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում