Քաղաքագետը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից ԼՂ հիմնախնդրի կարգավորման լուրջ առաջընթաց չի ակնկալում

Սեպտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Նյու Յորքում կայանալիք հանդիպումից արցախա-ադրբեջանական խնդրի կարգավորման լուրջ առաջընթաց ակնկալել չենք կարող: Սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

«Այդ հանդիպումն, ըստ էության, հերթական փորձն է՝ ճշտելու կողմերի մոտեցումները, որոնք էական փոփոխության չեն ենթարկվել: Հանդիպումից պետք է սպասել նույնը, ինչ նախորդներից: Կողմերը ևս մեկն անգամ կհաստատեն իրենց պատրաստակամությունը՝ կարգավորել խնդիրը խաղաղ եղանակով»,-ասաց Մարկարովն ու հավելեց, որ ակնկալիքներ կլինեն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահողները կարող են կարգավորման հարցում հանդես գալ որպես դրական դերակատարներ:

Քաղաքագետի խոսքով՝ Հոգլանդի ներկայացրած առաջարկներում մենք տեսնում ենք սկզբունքներ, որոնք նախկինում ևս առաջարկվել են:

«Հանդիպումից պետք չէ ակնկալել խնդրի կարգավորման լուրջ առաջընթաց և կողմերի պատրաստակամություն՝ գտնելու նոր լուծումներ կամ բանակցելու նոր առաջարկների վերաբերյալ»,-եզրափակեց Մակարովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում