Սփյուռքը լուրջ աշխատանքներ է կատարում Արցախին մեկուսացումից հանելու համար. Շավարշ Քոչարյան

Սփյուռքը լուրջ աշխատանքներ է կատարում Արցախին մեկուսացումից հանելու համար. Շավարշ Քոչարյան

Ժամանակն է, որ Սփյուռքի կողմից ավելի մեծ շեշտադրում կատարվի Արցախին վերաբերող բոլոր հարցերի վրա: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

«Սփյուռքը, Ցեղասպանության ճանաչման ոլորտում ավանդական դարձած աշխատանքներին զուգահեռ, միաժամանակ շատ ավելի մեծ շեշտադրում պետք է կատարի արցախյան հարցի վրա: Դա վերաբերում է եւ՛ տնտեսական, եւ՛ քաղաքական ոլորտներին եւ՛ իհարկե Արցախի ճանաչմանը: Ընդհանուր առմամբ, այսօր Հայաստանը կամա-ակամա դարձել է ինչ-որ չափով առաջամարտիկ՝ ցեղասպանությունների կանխարգելման հարցում: Դա պետք է շարունակվի, և առանց հակադրելու մեկ հարցը մյուսին, միաժամանակ, շատ ավելի լուրջ շեշտադրումով պետք է առաջ մղվեն Արցախի Հանրապետության հետ կապված բոլոր հարցերը»,- ընդգծեց նա:

Շավարշ Քոչարյանի դիտարկմամբ՝ հայկական Սփյուռքը լուրջ ազդեցություն ունի որոշակի միջազգային կազմակերպություններում ձևավորվող կարծիքների վրա, ինչի առումով Սփյուռքի դերակատարումն անգնահատելի է:

«Երբ խոսքը գնում է Ցեղասպանության միջազգային ճանաչման մասին, բոլորս շատ լավ գիտակցում ենք, որ առյուծի բաժինը հասնում է Սփյուռքին: Ադրբեջանը փորձեր է կատարում մեկուսացնելու Ղարաբաղը, մինչդեռ Սփյուռքը լուրջ աշխատանքներ է կատարում Արցախին մեկուսացումից հանելու համար»,-եզրափակեց Շավարշ Քոչարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում