Սերը տարիք չի հարցնում. ծերանոցում երկու զույգ միմյանց հավերժ սիրելու խոստում տվեցին

Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում հոկտեմբերի 2-ին կայացավ միաժամանակ երկու պսակադրություն։ Տուն-ինտերնատում ամուսնության արարողությունն օրինականացրեց քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության աշխատակիցը։ Զույգերից մեկն արդեն մեկ տարի ապրում էր տուն-ինտերնատում և մեկ ամիս է ինչ ամուսնացել էին։ Հոկտեմբերի 2-ին նրանց ամուսնությունն օրինականացվեց։

70-ամյա Նվարդ Ոսկանյանը, ամուսնանում էր արդեն երկրորդ անգամ։ «Ամուսինս մահացել է 8 տարի առաջ, ես արդեն մեկ տարի է այստեղ եմ ապրում։ Հասրաթն ինձ կարողացավ համոզել և ամուսնության առաջարկ անել, ես էլ ընդունեցի»,- նշեց Նվարդ Ոսկանյանը։ Նրա այժմյան ամուսնու՝ Հասրաթ Մանուկյանի համար սա նույնպես երկրորդ ամուսնությունն էր:

Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ այցելել էր ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։ Ներկա էին նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, հայ երգիչ Ռուբեն Մաթևոսյանը, հաղորդավար Սուսաննա Շահինյանը։

Արտեմ Ասատրյանը շատ կարևորեց տարեցների միջազգային օրը նշելը և շեշտեց, որ պետք է նրանց ուշադրություն դարձնել ոչ միայն տվյալ օրը, այլ նաև տարվա մեջ 365 օր։ «Ես շատ ուրախ եմ այսօր այստեղ գտնվելու համար։ Դեռևս 25 տարի առաջ ՄԱԿ-ի կողմից հոկտեմբերի 1-ը հռչակվել է որպես տարեցների միջազգային օր և յուրաքանչյուր տարի մեր երկրում նշվում է։ Մեր տարեցներին հատկապես այդ օրը լրացուցիչ ուշադրություն է դարձվում, փորձում ենք ևս մեկ անգամ անդրադառնալ խնդիրներին ու հարցերին, որոնք մենք պարտավոր ենք լուծել։ Մենք հետևողական ենք, որպեսզի մեր տարեցները միշտ ջերմությամբ ու սիրով շրջապատված լինեն, իրենց երեխաներով, թոռներով»,- ընդգծեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։ Նա տարեցներին մաղթեց բոլոր ցանկությունների և նպատակների իրականացում։

Ռիտա Սարգսյանն, ով առաջին անգամ էր մասնակցում այսքան յուրահատուկ հարսանիքի, շատ մեծ հաճույքով էր ներկա գտնվում արարողությանը։ «Մեր այսօրվա նորապսակներն ապացուցեցին, որ այն ասացվածքը՝ սերը տարիք չի հարցնում, գործում է։ Ես մաղթում եմ նորապսակներին երկար տարիների առողջ կյանք»,- ասաց ՀՀ առաջին տիկինը և նրանց նվերներ շնորհեց։

Տոնակատարությունն ուղեկցվում էր երգ ու պարով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում