AM | RU
USD
EUR
RUB

Ազգային արժեհամակարգը և տեսակային ամբողջի հավաքական գիտակցությունն իբրև ազգ-բանակ համակարգի անկյունաքար

Ազգ-բանակ ձևակերպումն այս պահին թերևս լավագույնն է արտահայտում ազգի՝ որպես հավաքական մեկ ամբողջություն խնդիրները և անելիքները...

Ավելի պարզ հասկանալու համար հարցի էությունը, պետք է նկատենք, որ բնության մեջ ամենն ունեն միանման կառուցվածք։ Եւ, ըմբռնելով որևէ համակարգի կառուցվածքն ու գործառույթները, կարելի է այն տարածել ավելի բարդ համակարգերի վրա։

Բժշկի մասնագիտությունը թույլ է տալիս հարցերը ֆիլտրել բժշկական մաղով։ Դիտարկելով մարդկային օրգանիզմն իբրև բարձրագույն կենդանի համակարգ` (համենայնդեպս, ավանդաբար ընդունված է այն համարել այդպիսին) կարող ենք նկատել, որ կազմված լինելով տարբեր օրգան-համակարգերից՝ միևնույն է ամբողջության մեջ այդ բոլորը ծառայում են մեկ նպատակի։

Ի տարբերություն անկենդան նյութի, կենդանի նյութն օժտված է ինքն իրեն, իր նմանին վերստեղծելու և հավերժաբար կատարելագործվելու հատկությամբ։ Կարելի է պնդել, որ կենդանի նյութն անկենդանից տարբերող հիմնական հատկանիշն հենց այդ կոդն է, այդ ծրագիրը, որն էլ, ըստ էության, հանդիսանում է կյանքի կենսաբանական իմաստը։
Սակայն, եթե մարդկային օրգանիզմի համար համեմատաբար պարզ է տեսակ հասկացությունը, ապա Ազգ հասկացությունը, որպես հավաքական ամբողջություն, կարիք ունի որոշակի հստակեցումների։

Կարելի է երկար թվել ազգին բնորոշ հատկանիշները և նկարագրերը, որոնք պայմանավորում են նրա՝ որպես առանձին օրգանիզմ ընկալումը և տարբերակումն այլ տեսակներից։ Սակայն համեմատության մեջ պետք է հասկանանք, որ ինչպես ճարտարապետական շինություններն ունեն պատեր, բայց հիմնական ծանրությունն իրենց վրա կրում են սյուները, նույնպես և ազգ հասկացությունն ունի մի քանի առանցքային սյուներ, որոնք էլ գերազանցապես ապահովում են հավաքական ամբողջի գիտակցությունը։ Ընդ որում, դրանցից որևէ մեկն առանձին վերցրած գերադաս չէ մյուսի նկատմամբ, և ինչպես շինության պարագային նրանք հանդես են գալիս համատեղ և համարժեք։

Սյուներից առաջինը Հայրենիքն է՝ ազգի ծննդավայրը։ Դա այն կենսատարածքն է, որի վրա կազմավորվել է ազգն իբրև մեկ ամբողջություն։ Հենց այդ է պատճառը, որ այլ երկներում ծնված հայերի համար ծննդավայր հանդիսանում է մեկ երկիր, բայց Հայրենիքը նույնն է և ընդհանուր է բոլոր հայերի համար։

Այստեղ հարկ է ընդգծել, որ ներկայիս հանրապետությունը մեր Հայրենիքի 1/9-րդ մասն է միայն։ Խիստ կարևոր է ընկալել ենթագիտակցական և գիտակցական մակարդակներում այս պարզ ճշմարտությունը։

Պետք է փաստենք, որ դե ֆակտո ներկայումս ունենք Հայաստանն Արցախի հետ, դե յուրե՝ քիչ ավելի՝ Վիլսոնյան Հայաստանը, իսկ ազգային ծրագրերում՝ ամբողջական Հայրենիքը՝ Հայկական լեռնաշխարհը, ներառյալ՝ Կիլիկիան։

Մյուս հենասյունը լեզուն է, որը ոչ պակաս է ենթարկվում տարատեսակ հարձակումների։ Ամենից վառ դրսևորումը, թերևս, նախորդ դարասկզբին ուղղագրական «ռեֆորմն» էր՝ դասական ուղղագրությունից հրաժարումը, ինչի հետևանքով երկփեղկում մտցվեց առանց այդ էլ փեղեկված արևելահայերենի և արևմտահայերենի միջև։ Սրա հետևանքները ցայսօր զգում ենք... Եւ եթե քայլեր չձեռնարկենք խնդրի կարգավորման ուղղությամբ կարող ենք կորցնել արևմտահայերենը և մի շարք բառեր և բառարմատներ...

Մյուս հենասյունը՝ մշակույթն է։ Հավատքն, ինչ որ առումով, կարելի է տեղավորել այս կոնտեքստում, քանի որ ինչպես և մշակույթը, նաև հավատքն է ձևավորում ազգային արժեհամակարգը, որը պարզ ձևակերպմամբ բարու և չարի, ճիշտ և սխալի մասին ընդհանրական պատկերացումներն են, կենցաղավարությունը, կենսակերպը, ավանդույթները (կարևոր է տարբերակել նաև ավանդույթը՝ սովորույթից)։ Այս ամենը փոխանցելու ամենատարբեր մեթոդներ կան, ընդհուպ՝ օրորոցայիններն ու հեքիաթները...
Իհարկե, կան և կարծիքներ, որոնց համաձայն Հայն ի սկզբանե կրոն էր՝ Հայ Աստծո պաշտամունք, որի տրանսֆորմացված ձևն է և Քրիստոնեությունը։ Սակայն ժամանակի այս պահին, հավատքն արժեհամակարգ և կենցաղավարություն ձևավորող, մշակութաստեղծ գործոն է։

Մյուս հենասյունն, անշուշտ, գենոֆոնդն է՝ տարիների, հազարամյակների ընթացքում ձևավորված գենետիկ հավաքականությունը, որը ևս պարբերաբար ենթարկվում է հարձակումների։

Մասնավորապես, աշխուժացել են խոսակցությունները, թե հայերը ծերացած ազգ են, և հնացած հայկական գեները կարիք ունեն թարմացման։ Կատարյալ տգիտություն է նման ձևակերպումը։ Քանի որ բնության մեջ, կենսաբանական տեսակի «հնությունը» վկայում է նրա կենսունակության փաստը և ոչ թե ծերությունը։ Այլ կերպ՝ էքստրեմալ պայմաններում, որպես կանոն, ապրում է առավել կենսունակ տեսակը։ Հետևաբար` որքան ավելի «հին» է ազգը, այնքան ավելի շատ փորձություններ է հաղթահարել, ինչը միմիայն վկայում է նրա կենսունակության մասին։

Բնականաբար, ինչպես ցանկացած առողջ օրգանիզմ, ազգը նույնպես ունի պաշտպանական համակարգ, իմունիտետ, որը դասական ձևակերպմամբ սովորաբար կոչում ենք բանակ։

Սակայն ընդհանրական բանակ հասկացությունը խորությամբ ըմբռնելու համար հարկ կա ընկալելու պատերազմ հասկացության տարբեր դրսևորումները։

Առաջինը, ֆիզիկական ոչնչացման ուղղակի սպառնալիքով պատերազմն է, որն հանրության մոտ պատերազմի դասական ընկալումն է։

Երկրորդը՝ տնտեսական պատերազմն է։ Սա առավելապես զգում են պետության կառավարական օղակներում, իսկ հանրության լայն շերտերի մոտ այն ընկալվում է տնտեսական ճգնաժամերի, աղքատության և այլ ձևաչափերով։
Ժողովրդի մոտ տնտեսական պատերազմի գործնական ընկալումն աղոտ է, մինչդեռ օրինակ փակ սահմանը միջազգային իրավունքի տեսանկյունից արդեն իսկ պատերազմական գործողություն է համարվում։

Մյուսը արժեհամակարգային պատերազմն է։ Սա պատերազմի դրսևորման թերևս բարձրագույն ձևն է, երբ ֆիզիկական ոչնչացման ուղղակի սպառնալիքի բացակայության ֆոնին փափուկ ուժի ներգործությամբ տեղի է ունենում տեսակի ոչնչացում։ Այլ կերպ, մի տեսակը ֆիզիկապես ոչնչացնելու փոխարեն նրանից ստեղծում են այլ տեսակ։ Ըստ էության, տվյալ տեսակը դադարում է գոյություն ունենալուց իր գիտակցությունից անկախ։

Սա վտանգավոր է նրանով, որ եթե առաջին դեպքում դիմացդ զենքով հայտնված և քեզ ակնհայտ սպանել ցանկացող թշնամուն ինչ-որ կերպ, ձեռքի տակ եղած հնարավորություններով ցույց ես տալիս որոշակի դիմադրություն, ապա այս դեպքում, օրգանիզմի իմունիտետը թերի է գործում ինչպես քաղցկեղի պարագայում։ Քանի որ, ինչպես քաղցկեղի դեպքում, չարորակ բջջի ներսում գենետիկ կոդի փոփոխության պայմաններում արտաքին թաղանթը պահպանում է օրգանիզմին հատուկ որակները։ Օրգանիզմն այս բջիջները ճանաչում է իբրև շեղված, տարօրինակ, բայց չի ոչնչացնում, քանի որ դրանք չեն ընկալվում իբրև օտար և վտանգավոր։ Իսկ թե ինչի է հանգեցնում քաղցկեղային պրոցեսը հայտնի է բոլորին...

Անդրադառնալով պատերազմի դրսևորման ֆիզիկական մակարդակին`ոմանք որպես ուղղակի թշնամի ընկալում են մեր անմիջական հարևան երկու երկրներին։
«Ինչպես ասել է Աթաթուրքը. «Կգա ժամանակ, երբ բոլոր թյուրքերը կմիավորվեն»։ Ուստի ցանկանում եմ ողջունել բոլոր թյուրքալեզու եղբայրներին։ Ալթայի և Միջերկրական ծովի միջև բնակվում են 200 միլիոնից ավելի եղբայրներ։ Եթե մենք բոլորս միավորվենք, ապա շատ արդյունավետ ուժ կլինենք աշխարհում: 2012 թ. Ն.Ն.»։ Այստեղ մեջբերված են մեզ ոչ անմիջական հարևան թյուրքական պետություններից մեկի ղեկավարի խոսքերը։ Պետք է փաստենք, որ դեռևս նախորդ դարասկզբին նրա ազգակիցներից Մախսուդովն էլ նմանատիպ ելույթ էր ունեցել Դումայում՝ սպառնալով ոտքի հանել 22 միլիոն թյուրքալեզու ժողովուրդներին, եթե չկատարվեն իրենց պահանջները։ Ըստ էության 100 տարվա մեջ փոխվել են միայն խոսքերն արտաբերողների անունները և թվաքանակը 22 միլիոնից աճել է՝ հասնելով 200 միլիոնի։ (Իսկ որքանո՞վ ենք թվապես աճել մենք՝ հայերս)։ Հարց է առաջանում. արդյո՞ք նրանք ատում են մեր տեսակը... Կարծում եմ՝ ոչ։ Պարզապես նրանք փորձում են իրագործել իրենց ազգային ծրագրերը, որոնց ճանապարհին մենք հանդիսանում ենք լուրջ խնդիր։ Նրանք փորձում են լուծել այդ խնդիրը՝ մեր ֆիզիկական բնաջնջման եղանակով։ Բնականաբար մենք էլ պետք է մեր ազգային շահերն իրագործենք, ինչու չէ, դրանք համադրելով այլոց շահերին, որոնց ևս սպառնում են պանթուրանական նկրտումները։

Հարկ է նշել, որ տարածաշրջանի վերաձևման թյուրքական ծրագիրը միակը չէ, և տարբեր ազգեր, տարբեր ուժեր իրենց տեսլականն ու ակնկալիքներն ունեն։ Արդարև, մենք էլ ունենք տարածաշրջանում մոտակա վերաձևման մե՛ր տեսլականը։

Ինչևէ, ինչպիսին էլ լինեն տվյալ ժամանակահատվածում մեր հարևանները, աշխարհաքաղաքական գլոբալ պլանները... պետք է փաստենք, որ մեր Հայրենիքը դարեր ի վեր հանդիսացել է և հանդիսանում է քաղաքակրթությունների խաչմերուկ, որը տարբեր աղբյուրներում հիշատակվում է նաև որպես Ավետյաց Երկիր...
Միգուցե, կարելի է մտածել, որ պատերազմներն այստեղ նաև Ավետյաց Երկրին տիրանալու նպատակն ունեն...

Այնուամենայնիվ, պետք է փաստենք, որ ի փառս մեր ազգի հազարամյակներ ի վեր մեզ հաջողվում է լինել աշխարհի քաղաքական քարտեզի վրա մեր Հայրենիքի՝ Ավետյաց Երկրի տէրը... Սա վկայում է, որ ցայսօր մենք ի վիճակի ենք լուծելու ազգային խնդիրներ...
Այնուամենայնիվ, պետք է ֆիքսենք, որ ազգ ասելով պետք չէ հասկանալ միայն ժամանակի տվյալ պահին առկա սերունդները։ Ազգն իր մեջ ընդգրկում է անհիշելի ժամանակներից դեպի հավերժություն ներառող հավաքական ամբողջությունը, որի ներկա սերունդներն ու այժմյան ժառանգորդներն ենք մենք, և մենք էլ պարտավոր ենք շահելու շախմատային այն պարտիան, որ մեզնից դեռ շատ տարիներ առաջ սկսել են մեր նախնիները...

Որպես հավաքական և ուժեղ տեսակ`մենք պարտավոր ենք հաղթել արժեհամակարգերի, քաղաքակրթությունների հավիտենական պայքարում...

Ի մի բերելով վերոշարադրյալը՝ նկատում ենք, որ արժեհամակարգերի պատերազմում ուղղակի հարվածի տակ են ազգը ազգ պահող հենասյուները... Հայրենիք, Լեզու, Մշակույթ, Հավատք, Գենոֆոնդ. պարբերական հարձակումների է ենթարկվում հայկական ընտանիքի դասական մոդելը... Եւ այստեղ առանձնահատուկ պետք է շեշտել օրգանիզմի պաշտպանական համակարգերի թուլացմանը միտված մշտական թշնամական փորձերը...

Դրանք այսօր իրագորվծում են տարատեսակ հիմնադրամների, հասարակական կազմակերպությունների միջոցով, ինչպես նաև՝ ուղղակի կամ անուղղակի այլ ձևերով, և միտված են վարկաբեկելու բանակն ու հավաքական պաշտպանական այլ համակարգերը, քանի որ թուլացնելով օրգանիզմի իմունիտետը` այն դառնում է խոցելի տարատեսակ վտանգների համար։

Վառ օրինակ է, ազգային արժեհամակարգին ուղղակի և ակնհայտ սպառնալիք հանդիսացող տարատեսակ երևույթների դեմ արտաքինից պարտադրվող «հանդուրժողականության» քարոզը... Մինչդեռ հանդուրժել քեզ ոչնչացնել սպառնացողին՝ նշանակում է չունենալ իմունիտետ... Սա շեշտելն հատկապես կարևոր է, քանի որ հաղթելու համար նախ և առաջ պետք է բացառել պարտության տանող բոլոր ճանապարհները... Այդ դեպքում հաղթանակի տանող ճանապարհն անխուսափելի է... Եւ սա գիտակցելով է թշնամին փորձում թուլացնել հենց պաշտպանական համակարգերը...
Այսպիսով, եթե ֆիզիկական պատերազմի դեպքում պաշտպանական խնդիրները լուծելուն կոչված է դասական ընկալմամբ բանակը, տնտեսական պատերազմի դեպքում, դա պետություն-բանակն է, իսկ ազգ-բանակը, ըստ էության, կոչված է արժեհամակարգային, տեսակային ամբողջականությունը պաշտպանելուն... Այլ կերպ՝ Ազգը հենց բանակ է և բանակն հենց ազգն է, քանի որ, իբրև հավաքական ամբողջ, օրգանիզմը (ազգը) լուծում է մեկ խնդիր՝ տեսակի լինելիություն և հավերժական կատարելագործում, որն հնարավոր է ազգ-բանակ ձևաչափով միայն։

Ինչ վերաբերվում է գործողությունների պլանին.

Նոր հեծանիվ հորինելու կարիք ամենևին չկա... Պետք է, դարձյալ օրգանիզմի օրինաչափություններն հաշվի առնելով, վարել ճիշտ կադրային քաղաքականություն... Այլ կերպ՝ ստեղծել միջավայր, որպեսզի մտածողը մտածի, իսկ գործողը՝ գործի։ Անհնար է ստիպել նյարդային բջջին՝ կծկվել, ինչպես և անհնար է մկանային բջջին ստիպել կատարելու՝ նյարդի դեր։ Մինչդեռ, թե՛ նյարդն առանց կատարող մկանի, և թե՛ մկանն առանց նյարդային ազդակի ոչինչ են... և միայն դրանց համադրումը և սինխրոն աշխատանքն է լուծում օրգանիզմի առջև դրված խնդիրը...

Դարձյալ օրգանիզմի օրինաչափություններն հաշվի առնելով, պետք է չվարանել ներսից խեղված, բայց արտաքուստ «մերը» թվացող տարրերի չեզոքացման գործում։ Ցանկացած բջիջ ունի ապոպտոզի (ինքնաոչնչացման) գենը, որն ակտիվանում է, երբ տվյալ բջիջը շեղվում է օրգանիզմի ընդհանուր գենոֆոնդից՝ տեսակից։ Շեղումը շտկելու ապարդյուն փորձերն ավարտվում են բջջի ծրագրավորված ինքնաոչնչացմամբ կամ դրա մեկուսացմամբ օրգանիզմից։ Եւ միայն քաղցկեղային պրոցեսն է, որ ծնում է կարճ ժամանակի համար կատարյալ թվացող, անզուսպ բազմացող և գերարագ նյութափոխանակությամբ «հավերժ» բջիջ, որը քայքայելով ողջ միջավայրը, հանգեցնում է օրգանիզմի մահվան։ Հետևաբար, ոչ մի վայրկյան պետք չէ տատանվել օրգանիզմի համար վտանգավոր տարրերի չեզոքացման գործում։

Մյուս օրինակը, որն անպատճառ պետք է կիրառել՝ պաշտպանիչ պատնեշների (բարիերների) օրինակն է։ Օրգանիզմն ունի երկու պաշտպանիչ պատնեշ՝ ուղեղային և ընկերքային (պլացենտար)։ Սրանցից առաջինը պաշտպանում է ուղեղային կենտրոնը՝ բարձրագույն անալիտիկ համակարգը, իսկ երկրորդը՝ պտուղը։ Ազգի, պետության հետ համեմատության մեջ՝ պետք է խստագույնս բացառել երկրի, ազգի ուղեղային ստրատեգիական կենտրոններում և կրթական պրոցեսներում՝ հաջորդ սերնդի պատրաստման գործում (դպրոց) օտար տարրի ներթափանցումը։ Հակառակ դեպքում՝ օրգանիզմը դատապարտված է...

Ըստ էության, սա էլ հենց հանդիսանում է ցանկացած, այդ թվում և Հայ ազգի ազգային գաղափարախոսությունը. Առողջ սերնդափոխություն, Կյանքի կենսաբանական իմաստի՝ տեսակի պահպանման և հավիտենական կատարելագործման իրագործում...
Մնացած ամենը սրանից ածանցվող տեխնիկական մանյովրներ են, որոնք հարմարեցվում են ժամանակի և միջավայրի պահանջներին։

Ինչ վերաբերվում է հարցին, թե ինչպե՞ս ազգի յուրաքանչյուր «բջջի» մեջ արթնացնել հավաքական ամբողջի, հայկական տեսակային պատկանելիության գիտակցումը և «ստիպել» նրան մասնակցելու տեսակի լինելիությունը ապահովելու գործին, կամ այլ կերպ՝ լինելու ազգ-բանակի մի զինվորը։ Սրան հնարավոր է պատասխանել՝ դիտարկելով ցորենի օրինակը։

Ինչպես ցորենի հատիկները կարող են տարիներով մնալ ամբարում և չծլել, այդպես և չկա մի հայ, որը չունենա իր մեջ տեսակային պատկանելիության գիտակցման սերմը... Սակայն ինչպես ցորենը ծլեցնելու համար այն պետք է թրջել, այդպես և ամեն հայի մեջ հնարավոր է արթնացնել այդ կոդը՝ քնած վիճակից բերելով գործուն վիճակի։
Սակայն բամբակի վրա ծլեցրած ցորենը ի զորու չէ հզոր բերք տալու և նպաստավոր, առողջ միջավայր է պահանջում։ Նույնն է նաև անհատների պարագային։
Բայց միայն հասկը «ծլեցնելը» (անհատի ազգային կոդն արթնացնելը) բավարար չէ... Պետք է սովորենք հասկից հաց ստանալ... Այլապես աճեցրած բերքը կդառնա բաժին թռչուններին, կրծողներին և գողերին։ Սա նշանակում է, որ պետք է սովորենք ճիշտ օգտագործել մեր իսկ աճեցրած կադրերին, այլապես նրանք կարող են օտար համակարգերի բաժին դառնալ, ինչին, ցավոք, հաճախ ենք ականատես լինում...
Առողջ միջավայր ասվածը մեր ազգի համար Հայկական Պետականությունն է։ Ցավոք, ոչ բոլորն են խորությամբ ըմբռնում Անկախության խորհուրդը։ Անկախությունը մեզ տվել է հնարավորություն՝ ստեղծելու հայկական արժեքներով հայկական պետություն, որտեղ հայ մարդը կունենա առավելագույն հնարավորությունները՝ իր երեխային հայ մեծացնելու համար, ինչը հնարավոր չէ որևէ այլ երկրում, որտեղ այլ տեսակ է կերտվում...
Այսօր հաճախ ենք լսում, որ մենք պետք է կառուցենք մեր պետությունը այս կամ այն պետության պես, որդեգրենք այս կամ այն արժեքները՝ հաճախ բավարար չափով չճանաչելով ինքներս մեզ, մեր արժեքները... Հեշտ է հրաժարվել մի բանից, որը չես ճանաչում, ինչը չի կարելի ասել՝ երբ կրողն ես այդ ամենի...

Այսպիսով, առողջ միջավայրը, ԱՆԿԱԽ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ է (թեկուզ դեռ մեր Հայրենիքի այս 1/9-րդ կտորի վրա), առանց որի անհնար է Հայապահպանությունը...
Սա նշանակում է, որ տեսակի լինելիության անհրաժեշտ պայման է ազգ-բանակ հավաքականությամբ՝ Հայոց անկախ և հզոր պետականության ապահովումը։

Ինչ վերաբերվում է Սփյուռքին.

Պետք է հասկանանք, որ այլ հավասար պայմաններում առաջխաղացման ռեալ հնարավորություն ունեն նրանք, ովքեր լրացուցիչ օգնություն են ստանում համայնքից։
Այլ կերպ, աջակցելով հայազգի անհատներին իրենց կրթության և գործունեության ամենատարբեր ոլորտներում՝ օգնում ենք նրանց դառնալ ավելի մրցունակ՝ այլոց համեմատությամբ։

Ընդհանրապես, բավականին էֆեկտիվ կարող են աշխատել համահայկական մասնագիտական ցանցերը, որոնց շրջանակներում հավաքելով ոլորտի նեղ մասնագետներին, կարելի է կոնսոլիդացնել հսկայական գիտական և արտադրական պոտենցյալ։ Այստեղ կարելի է առանձնացնել մի քանի ուղղություններ.

• Բանկային համակարգ, ֆինանսական ռեսուրս
Ճիշտ վարվող քաղաքականությամբ կարելի է հասնել համաշխարհային հզոր հայկական բանկային ցանցի, կամ համաշխարհային բանկային ցանցում հայկական շոշափելի ներկայության։

• Իրավական համակարգ, միջազգային իրավունք
Ունենալով միջազգային դատ՝ ցավոք, ցեղասպանությանն հաջորդող 100 տարվա մեջ մենք չենք աճեցրել համաշխարհային մակարդակի միջազգային իրավունքի այնպիսի մասնագետների, որոնց վրա հենվելով կկարողանանք լուծել մեր ազգային իրավական խնդիրները։ Հետևապես՝ ազգ-բանակ գաղափարը ենթադրում է նաև համաշխարհային մակարդակի մասնագետների պատրաստումը իրավական դաշտում։

• Քաղաքական դաշտ
Նույնը վերաբերվում է և համաշխարհային քաղաքականությանը, կամ տարբեր պետություններում քաղաքական գործիչների պատրաստմանը…
Տարիներ առաջ, հայկական ավանդական կուսակցություններից մեկի լոկալ ներկայացուցիչը բողոքում էր մեկ այլ հայկական կուսակցությունից, նշելով, թե եվրոպական երկրներից մեկում նախագահական ընտրություններին երկուսն էլ պաշտպանում են նույն թեկնածուին, որի պարտվելու դեպքում, փաստացի վտանգվում է հայկական լոբբին։ Նա գտնում էր, որ պետք է ճկուն գտնվել, և ներկայություն ունենալ բոլոր թևերում՝ պատրաստ լինելով փոփոխությունների ցանկացած սցենարի։

• Բժշկական համակարգ
Պետք է փաստենք, որ լավ բժշկի կարիք են ունենում թե՛ քաղաքական գործիչները, թե՛ իրավաբանները, թե՛ բանկիրները… մի խոսքով՝ բոլորը...
Հետևապես ազգային գիտակցությամբ որակյալ աշխարհահռչակ բժիշկը՝ միշտ էլ կիմանա, թե իր ազգի շահերի համար ումից ինչ կարելի է պահանջել...

• Կրթական համակարգ
Պատրաստելով և այլ պետություններում ևս ներդնելով որակյալ դասախոսներ, մանկավարժներ, պրոֆեսորներ ..., մի քանի տարի անց կարող ենք ունենալ բազմապատիկ ավելի հայամետ այլազգիներ, քան կարելի է ունենալ հսկայական ֆինանսական ռեսուրսներ ծախսելով՝ արդեն իսկ կարծրացած մտածողությամբ տարատեսակ գործիչներին վերափոխելով։ Ցավոք, այս պարզ ճշմարտությունը դեռ բավարար գործնական կիրառություն չի գտել հատկապես ցեղասպանության հետևանքների վերացման համար պայքարող սփյուռքյան շատ կառույցներում... Ինքս ականատես էի, երբ հայոց ցեղասպանության թեմայով օտարազգի ասպիրանտներ պատրաստելու գործնական առաջարկը համարվեց երկրորդական, ցեղասպանության թեմատիկայով կազմակերպվելիք միջոցառումների շրջանակներում օդ բաց թողնվելիք փուչիկների գույնն ընտրելու հարցի համեմատությամբ... Ցավոք, այս պատկերին հանդիպում ենք բավականին հաճախ...

• Ուժային կառույցներ
Մեկնաբանություններն ավելորդ են...

• Զանգվածային լրատվական միջոցներ
Տեղեկատվական տեխնոլոգիաների և ինֆորմացիոն դարաշրջանում, համաշխարհային մակարդակի լրատվամիջոցներով ճիշտ ժամանակին, ճիշտ շեշտադրումներով հնչեցված մեկ միտքը կարող է շատ ավելի հարցեր լուծել, քան դա կարելի է անել որոշ դեպքերում անգամ ռազմական ուժի կիրառմամբ։ Հետևապես, խնդիր ունենք ներթափանցելու համաշխարհային տեղեկատվական դաշտ՝ ստեղծելով հայկական լրագրողական հզոր միջազգային ցանց։

• Կինոարտարություն
Հայկական հզոր, գաղտնի համաշխարհային լրտեսական ցանցի վերաբերյալ նկարահանված մեկ որակյալ ֆիլմով, աշխարհի տարբեր ծայրերում կարելի է ձևավորել լոկալ ազգային «գործակալային» ցանցեր, անկախ նրանից՝ ներկայումս կան այդպիսիք, թե ոչ...

Ընհանրապես, ունենալով համաշխարհային կինոինդուստրիայի հզոր լծակներ, տարօրինակ է, որ ցայսօր չունենք համաշխարհային մակարդակի գեթ մեկ կինոնկար Սարդարապատի հաղթանակների, Նեմեսիսի, 300 հոգով 7000 թշնամու 481 թվականին գլխովին ջարդած Վահան Մամիկոնյանի, Վերնատան, Կոմիտասի և այլ հսկաների և հիշարժան դեպքերի մասին, որոնք մեծ դերակատարում են ունեցել ոչ միայն հայոց այլև համաշխարհային պատմության ընթացքի վրա... Այդպիսիք, հավատացեք, շատ են։ Որքան էլ փորձ է արվում հայ ազգը ներկայացնել փոքր եզրույթով, պետք է փաստենք, որ համեմատելով համամարդկային քաղաքակրթական բանկում մեր ազգային ավանդի տեսակարար կշիռը, վստահաբար կարող ենք պնդել, որ մենք, մի գուցե փոքրաթիվ, բայց ոչ երբեք փոքր ազգ ենք...

Պարզապես պետք է միշտ հիշենք այն պարզ ճշմարտությունը, որ զարգանում է այն՝ ինչը մարզում ես։ Ցավոք, մենք կարծես բողոքելու, դժգոհելու, հուսահատվելու մրցավազք ենք վարում տարիներ ի վեր։ Մինչդեռ կարո՛ղ ենք, և պե՛տք է զարգացնենք Հզոր Հայկական Պետականության և, ինչու ոչ, Հայաստանակենտրոն, Հայակենտրոն Ցանցապետության տեսլականը...

Եւ այդ ժամանակ, ոչ միայն մենք, այլ նաև այլազգիները պիտի փաստեն, որ «Ծառայել Հայաստանին նշանակում է ծառայել քաղաքակրթությանը» (Ուիլյամ Գլադսոն, 1809-1898թթ, Անգլիացի քաղաքական գործիչ):

Իսկ մենք, պետք է չմոռանանք, որ մեզ ոչ մեկից չենք գերադասում... Բայց մեզ էլ գտենք՝ մեզ Հայ են ասում...Եւ ինչու՞ պիտի չհպարտանանք...

Կանք, Պիտի՛ Լինենք ու դեռ Շատանա՜նք...

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Լրահոս
ԱՄՆ-ում ստախոս ԶԼՄ-ները դուրս են եկել վերահսկողությունից. Թրամփ ՀՀ-ում իշխանությունը ձևավորվել է ընտրական տեղամասերում. «Ելք» դաշինքն ընդունում է ՀՀԿ-ի իշխանությունը Մեկնարկել է տարվա լավագույն մարզիկների ընտրության քվեարկությունը ԿԳՆ-ն նախաձեռնել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկումների շարք Որոշ ապրանքների մաքսատուրքերի բարձրացումը չի ենթադրում, թե դրանք անպայմանորեն կթանկանան Թբիլիսիում մեկնարկել են հայ ժամանակակից երաժշտության օրերը Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ նոր համաձայնագրի ստորագրումը խթան կհանդիսանա երկկողմ ներդրումների ծավալի աճի համար Գինեգործների համար ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն Հայաստանում առաջիկա 5 օրերին սպասվում է առանց տեղումների, արևային եղանակ Արմեն Ռուստամյանը կարևորում է համայնքի ղեկավարների կողմից չարաշահումների մասին բարձրաձայնելը Նալբանդյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը Էրդողանից բարոյականության դասեր չպետք է քաղեմ. Իսրայելի վարչապետ Հայոց ցեղասպանության ժամանակ երեխաների սպանդը հերքող Էրդողանը չի կարող դասեր տալ Իսրայելին Հայաստանը միջազգային գիտական հարթակում նախանձելի հաջողություններ է գրանցում Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Մագնուս Կարլսենն է Հենրիխ Մխիթարյանը ուզում է խոսել Մոուրինյոյի հետ իր ապագայի մասին Հայաստանում հաստատված սիրիահայն իր ձեռքի աշխատանքով փորձում է մուտք գործել ռուսական շուկա Աճում է քաղաքացիների և քաղաքացիական հասարակության մասնակցությունն իրավական ակտերի մշակման գործընթացում Ախուրյանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 11 Զորանոց, դղյակներ, մենատներ, մզկիթներ. Պալյան ճարտարապետական գերդաստանը մեծ հետք է թողել Ստամբուլում Հաջորդ տարի կստեղծվեն մարզերի զարգացման հիմնադրամներ. զարգացման ծրագրերը կազմելու են տեղի մասնագետները Անհրաժեշտ է որդեգրել համայնքների զարգացման նորարարական մոտեցումներ Արտաքին քաղաքական դաշտում ՀՀ քայլերը պետք է լինեն համահունչ Արցախի խորհրդարանի և ժողովրդի սպասումներին. Աշոտյան Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են անցկացվել Մինսկում և Բաթումում Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին Մոսկվայում կայացած մրցանակաբաշխության ժամանակ Հայաստանն արժանացել է գործարար տուրիզմի 2017թ-ի լավագույն ուղղություն մրցանակին Արցախի նախագահն ընդունել է Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությանը Հայաստանում յուրաքանչյուր ընտրություն նախորդից էապես տարբերվում է իր որակով. Դավիթ Հարությունյան Նշվել է զինված ուժերի հոգևոր առաջնորդության հիմնադրման 20-րդ տարեդարձը Իրաքի զինվորականները Սիրիայի սահմանին ընդլայնել են վերահսկողությունը Նախագահը մասնակցել է տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովին Վայոց ձորում զարգանում են գինեգործությունն ու անասնապահությունը. ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է մարզ Դեսպան Մկրտչյանը հանդիպել է Լիբանանի տնտեսության և առևտրի նախարարի հետ Հայերը բարոյական պարտավորություն են զգում նպաստելու ցեղասպանությունների կանխարգելման միջազգային ջանքերին Առաջիկա տարիներին նախատեսվում է խոշորացնել ևս 450 համայնք Ուկրաինայի դատախազությունը դատարանից կպահանջի Սաակաշվիլիի հանդեպ կիրառել տնային կալանք Պաղեստինում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է ավելի քան 1000 մարդ Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ Ադրբեջանը շփման գծում կիրառել է ձեռքի հակատանկային նռնականետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan