Միացյալ Նահանգները մտահոգված է Թուրքիայում ԱՄՆ հյուպատոսության աշխատակցի ձերբակալման առնչությամբ

Միացյալ Նահանգներն իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայում իր դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների մեկի ձերբակալման փաստի առնչությամբ: Այս մասին հայտարարությունը տեղադրվել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական կայքում:

«Մենք համոզված ենք, որ այս մեղադրանքները բացարձակապես անհիմն են: Շարունակելու ենք աշխատել Թուրքիայի կառավարության հետ՝ համոզվելու, որ ԱՄՆ կառավարության աշխատակիցների, ինչպես նաև Թուրքիայում ԱՄՆ քաղաքացիների նկատմամբ իրավական գործընթացներ են տարվում՝ համաձայն Թուրքիայի սահմանադրության և միջազգային իրավական նորմերի»,– ասվում է դեսպանության հայտարարության մեջ:

Ամերիկյան կողմն ընդգծել է, որ նմանօրինակ չհիմնավորված և հստակ աղբյուր չունեցող պնդումները միայն կվնասեն թուրք-ամերիկյան երկարամյա համագործակցությանը:

Ստամբուլի հանրապետական դատախազության ահաբեկչության և կազմակերպված հանցավորության գրասենյակը գյուլենականների դեմ հետաքննության շրջանակում «լրտեսություն անելու» հիմնավորմամբ Ստամբուլում Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսության աշխատակցին կալանավորելու որոշում է կայացրել: Ստամբուլի դատախազությունը պարզել է հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզի կապը նախկին դատախազ Զաքարյա Օզի հետ, ով սերտ կապեր ունի գյուլենականների առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի հետ:

Թոփուզը մեղադրվում է Թուրքիայում «սահմանադրական կարգը փոխելու փորձ անելու», «լրտեսության» և «Թուրքիայի իշխանություններին տապալելու փորձի» մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում