Գեղարքունիքում խոշոր ավտովթարից կան տուժածներ

Գեղարքունիքում խոշոր ավտովթարից կան տուժածներ

Գեղարքունիքի մարզի վարչական տարածքում հոկտեմբերի 10-ի ուշ երեկոյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ըստ ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի տրամադրած տեղեկատվության՝ ուղեւորներ տեղափոխող «Ֆորդ» մակնիշի մեքենան ժամը 23-ի սահմաններում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից դեպի հանդիպակաց գոտի եւ բախվել «Կամազ» մակնիշի ավտոմեքենային, ինչի արդյունքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 13 հոգի, ովքեր եւ տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գավառի բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Կարապետյանը, ավտովթարից տուժած քաղաքացիներից 6-ը, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ մյուսների բուժումն ընթացքի մեջ է:

Հոկտեմբերի 11-ի առավոտվա դրությամբ Գավառի բժշկական կենտրոնում բուժումը շարունակում են ստանալ 4 քաղաքացի, իսկ 3-ը տեղափոխվել են մայրաքաղաք: «Ընդհանուր առմամբ, վթարից տուժած քաղաքացիների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Մայրաքաղաք տեղափոխվածներից մեկի վիճակն է գնահատվում ծանր, ով ստացել է գանգուղեղային տրավմա եւ այլ կարգի կոտրվածքներ: Մնացածները եւս ունեն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ ջարդվածքներ:

Բայց կարծում եմ, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,-ներկայացրեց Աշոտ Կարապետյանը: Ըստ վթարի ենթարկված քաղաքացիների հայտարարության՝ իրենք Սեւանի տարածքի համայնքների բնակիչներ են, ովքեր վարձավճարով կարտոֆիլի բերքահավաք էին կատարում Վարդենիսի տարածքի համայնքներում եւ ուշ երեկոյան վերադառնում էին տուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում