Ադրբեջանը հայտնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի և միջազգային հանրության ճնշման տակ. ՀՀ ԱԳ փոխնախարար

Ադրբեջանը հայտնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի և միջազգային հանրության ճնշման տակ. ՀՀ ԱԳ փոխնախարար

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները գնալով ավելի հասցեական են դառնում, միշտ չէ, որ անունը տրվում է, բայց արդեն հասցեատերը երևում է: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: «Պատահական չէ, որ համանախագահող երկրները հստակ խոսում են կրակի դադարեցման ռեժիմն ամրապնդելու, սարքավորումներ տեղադրելու, Ադրբեջանի պարտավորությունների կատարման, հետաքննության մեխանիզմի ներդրման մասին և այլն: Գնալով Ադրբեջանը հայտնվելու է միջազգային ճնշման տակ՝ բոլոր պարագաներում, լինի Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում, թե եվրոպական կառույցներն այլասերելու հարցում»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով, այսօր Ադրբեջանն իրեն դրել է խաղի կանոններից դուրս ու ակնհայտ է, որ այս պարագայում այդ ամենը չի կարող անվերջ շարունակվել: «Ակնհայտ էր, որ Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդում կաշառելու գործընթացը կհասնի այն տրամաբանական ավարտին, որին այսօր հասնում է: Նույնը վերաբերվում է Ադրբեջանի սադրիչ գործողություններին՝ կապված բանակցային գործընթացի հետ: Վերջիվերջո, նա գործ ունի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երեք մշտական անդամների հետ: Վերջիններիս թիվ մեկ առաքելությունը կայանում է նրանում, որպեսզի պատերազմ չլինի աշխարհի որևէ ծայրում, բայց եթե նրանք միջնորդ են և դրանով հանդերձ լինելում են ռազմական գործողություններ, ապա դա ապտակ է ՄԱԿ ԱԽ երեք մշտական անդամներին: Ադրբեջանը դա շատ լավ գիտակցում է և ինչ-որ կերպ փորձում է ազատվել այդ ֆորմատից, ինչը նրան չի հաջողվի»,- ընդգծեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը:

Քոչարյանի դիտարկմամբ՝ եթե արցախյան հակամարտության գոտում ինչ-որ չափով նվազել են միջադեպերը, դա պայմանավորված է նրանով, որ հայկական կողմերն ավելի պատրաստ են դրանց, ավելի են համալրվել անհրաժեշտ սարքավորումներով: Անդրադառնալով նրան, որ նախօրեին Տավուշի մարզում նորից հայ զինվոր է զոհվել Ադրբեջանի զինուժի գնդակից՝ ԱԳ փոխնախարարն ասաց. «Ընդհանուր առմամբ մենք գիտենք, որ Ադրբեջանի նպատակն անընդհատ վնաս հասցնելն է: Դա նրանց հետևողական քաղաքականությունն է: Այո, կարևորագույն հանդիպումներից առաջ, ընթացքում, հետո սադրանքներն ավելի հաճախակի են դառնում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նկատեց Շավարշ Քոչարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում