Մանկական ստեղծագործության թանգարանում ցուցահանդես է բացվել Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթի շրջանակում

Մանկական ստեղծագործության թանգարանում ցուցահանդես է բացվել Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթի շրջանակում

Կրթության և գիտության նախարարության Գեղագիտության ազգային կենտրոնի Մանկական ստեղծագործության թանգարանում տեղի է ունեցել ազգային տոներին նվիրված Համահայկական մանկապատանեկան նկարչական 7-րդ մրցույթ-փառատոնի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը:

Ինչպես տեղեկացրին ԿԳՆ-ից, միջոցառմանը մասնակցել են կրթության ոլորտի պատասխանատուներ, ցուցահանդեսին մասնակից աշակերտների ծնողներ և ուսուցիչներ: Այս տարվա նկարչական մրցույթի թեման հայկական ժողովրդական, եկեղեցական և պետական տոներն են, որոնք արտացոլվել են ցուցադրված մանկական ստեղծագործություններում: Սփյուռքի մասնակիցների համար, որպես թեմատիկ ստեղծագործությունների խորագիր առաջարկվել է տեղական նշանակության տոների և ավանդույթների պատկերավորումը՝ նպատակ ունենալով բացահայտել սփյուռքի հայաշատ բնակավայրերում ձևավորված ազգային ավանդույթների և տոնակատարությունների առանձնահատկությունները:

Նկարչական մրցույթ-փառատոնը անցկացվում է 2010 թվականից՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ: Նպատակն է նպաստել մանկական ստեղծագործության զարգացմանը, Սփյուռքում և Հայաստանում շնորհալի մանուկների հայտնաբերմանը: Մրցույթ-փառատոնն ավանդաբար անցկացվում է երկու փուլով: Ցուցահանդեսի բացումը նշանավորում է առաջին փուլի ավարտը և երկրորդ փուլի սկիզբը, որն ամփոփելուց հետո կհայտարարվեն վերջնական հաղթողները: 2017թ. մրցույթ-փառատոնի առաջին փուլում ներկայացվել է Հայաստանի, ԼՂՀ-ի և Սփյուռքի (ԱՄՆ, Արգենտինա, Եգիպտոս, Թուրքիա, Լիբանան, Ռուսաստան, Ուզբեկստան, Իրան, Հորդանան, Ուկրաինա, Վրաստան, Քուվեյթ, Ֆրանսիա) 15 երկրների 145 հաստատության շուրջ 1320 աշխատանք: Ներկայացված աշխատանքներից ցուցահանդեսի համար ընտրվել է 190 ստեղծագործություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում