Կատալոնիայի ներկայացուցիչը կոչ է արել ԵՄ-ին՝ հանդես գալ որպես հակամարտության միջնորդ

Եվրամիության միջնորդությունը Կատալոնիայում ճգնաժամի արդյունավետ կարգավորման միակ հնարավորությունն է: Այդ մասին հոկտեմբերի 23-ին C News հեռուստաալիքի եթերում հայտարարել է Մարտի Անգլադան՝ Ֆրանսիայում Կատալոնիայի կառավարության ներկայացուցիչը:

«Կատալոնիայում ճգնաժամի կարգավորման միակ հուսալի հնարավորությունը Եվրամիության միջնորդությունն է»,- ասել է քաղաքական գործիչը: Նա կարծիք է հայտնել է, թե հարկ է, որ որպես միջնորդ հանդես գար Ֆիլիպ Վեցերորդ թագավորը, սակայն նա «արեց հայտարարություն, ըստ որի կարելի է եզրակացնել, որ նա բաց է թողել այդ հնարավորությունը»: Անգլադան չի համաձայնել այն կարծիքին, որ Եվրամիությունը եւ նրա երկրների բոլոր ներկայացուցիչները հրաժարվել են ԵՄ-ի միջնորդական դերից:

«Այդ ուղու օգտին արտահայտվել է, մասնավորապես, Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը»,- հիշեցրել է նա: Անգլադան հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը հատկապես երբ կհայտարարի Կատալոնիայի անկախությունը: «Պուչդեմոնը բնավ չի ասել, որ ինքը կհայտարարի Կատալոնիայի անկախությունը:

Նա միայն ասել է, որ տեղի խորհրդարանի քննարկմանը կներկայացնի այն հարցը, թե ինչպես պետք է արձագանքել, եթե կենտրոնական իշխանությունները որոշում ընդունեն Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածի (որը Կատալոնիային զրկում է ինքնավարության իրավունքներից) կիրառման մասին: Այդ հոդվածի կիրառումը իսկական երկրաշարժ կդառնա ինչպես Իսպանիայի, այնպես էլ Կատալոնիայի համար»,-նախազգուշացրել է քաղաքական գործիչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում