ԵՊՀ ներկայացուցիչները Հայոց բանակի 25-ամյակին նվիրված պուրակ են հիմնել Արցախում

Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի և մարտական ակումբի ներկայացուցիչները Արցախ կատարած այցի առաջին օրը Քարվաճառում իրականացրել են ծառատունկ, հիմնել Հայոց բանակի 25-ամյակին նվիրված պուրակ, այցելել Քարվաճառի դպրոց և դպրոցին գրքեր նվիրաբերել: ԵՊՀ ներկայացուցիչները Արցախի հանրապետությունում են եղել հոկտեմբերի 27-ից 30-ը:

ԵՊՀ ուսանողները եռօրյա այցի ընթացքում հանդիպել են Արցախի արտաքին գործերի նախարարին: Քննարկվել են Արցախյան խնդրի կարգավորման և Արցախի արտաքին քաղաքականության մարտահրավերների հետ կապված որոշ մանրամասներ, այնուհետև ուսանողներն այցելել են Ազատամարտիկների հուշ-թանգարան:

Նրանք եղել են Արցախի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում և զորամասին արևային վահանակ նվիրաբերել:

«Մենք մշտապես նմանատիպ ծրագրեր ենք իրականացում: Հերթական նախաձեռնությունը կապված է Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի հետ:

Ծրագրերի շրջանակում ուսանողներն այցելեցին զորամաս, արևային վահանակ նվիրաբերեցին: Նախաձեռնության կարևորությունը կայանում էր նրանում, որ բանակ-հասարակություն կապի ազգ-բանակ համատեքստում ուսանողները լինեն դիրքերում, հանդիպեն զինվերներին, փոխադարձ դրական լիցքեր փոխանցեն միմյանց և հասկանան, թե ինչ պայմաններում է իրականացվում մեր հայրենիքի պաշտպանությունը: Ծառատունկերի միջոցով մեր ուսանողները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ պատրաստ են իրենց ներդրումն ունենալ Արցախի բարգավաճման գործում»,-նշել է ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը:

Ուսանողները այցելել են նաև Գանձասար, Տիգրանակերտ, Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցի:

«Նմանօրինակ միջոցառումները, լինելով Ուսանողական խորհրդի ռազմավարական ուղենիշներից, շարունակում են ապահովել բուհ-Արցախ կապը: Ամեն անգամ Արցախ իրականացվելիք այցերին ներգրավում ենք հնարավորինս շատ ուսանողների, ովքեր գիտակցում են այցի իմաստը: Այն է՝ ազատագրված տարածքներում իրականացնել ծառատունկ, հետագա այցելությունների ժամանակ խնամել և դրանով իսկ հավաստել, որ այս հողի տերը մենք ենք: Արցախյան այցերը, սովորաբար հագեցած են հետաքրքիր ու անմոռանալի պահերով»,-եզրափակել է ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Խաչիկյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում