Ժամանակին հայտնաբերելու դեպքում շաքարային դիաբետը հնարավոր է կանխարգելել

Ժամանակին հայտնաբերելու դեպքում շաքարային դիաբետը հնարավոր է կանխարգելել

«Առողջ ապագան մեր իրավունքն է» կարգախոսով և խորհրդանշական երկնագույն փուչիկներով այսօր՝ շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրը, Ֆրանսիայի հրապարակից մեկնարկեց ավտուբոսով երթ։ «Հաղթենք դիաբետը միասին» հիմնադրամի նախաձեռնությամբ և ՀՀ առողջապահության նախարարության ու Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ արդեն երրորդ տարին կազմակերպվող երթի նպատակը հանրության շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացումն է։

Երթի հիմնական մասնակիցները, ովքեր տարբեր կանգառներում բնակիչներին բաժանեցին հիվանդության մասին համառոտ տեղեկություն պարունակող թռուցիկները, դիաբետով հիվանդ երեխաներն էին։ «Մենք ուզում ենք սովորեցնել, թե ինչպես պետք է ապրել դիաբետով՝ առանց ավելորդ բարդությունների։ Հանրության մեջ տարածված է այն տեսակետը, թե դիաբետով հիվանդին չի թույլատրվում քաղցրավենիք ուտել, բայց բժշկությունը հանգել է նրան, որ սննդակարգի սահմանափակումն էական չէ, կարևորը դեղորայքի ճիշտ չափաբաժին ընդունելն է»,-Times.am-ին ասաց «Հաղթենք դիաբետը միասին» հիմնադրամի տնօրեն Խանդութ Հովհաննիսյանը։

«Հաղթենք դիաբետը միասին» ծրագրի շրջանակում արդեն 0-23 տարեկան շուրջ 700 հաշվառված ինսուլինակախյալ երեխաների և երիտասարդների առողջական վիճակը բարելավելու նպատակով նրանց անվճար տրամադրվել են ինսուլինային անալոգներ, գրիչ-ներարկիչներ, արյան մեջ շաքարի չափման համար նախատեսված չափիչ-սարքեր։ Ծրագիրը, որը կտևի ևս չորս տարի, կշարունակի գտնել և օգնել շաքարային դիաբետով տառապող այլ երեխաների ևս։ Իսկ առայսօր ծրագրի շահառու հանդիսացող հիվանդների շրջանում պարբերաբար անցկացվող հետազոտությունը, որի նպատակը արյան մեջ շաքարի պարունակության ստուգումն է, ինչպես վստահեցնում է Խանդութ Հովհաննիսյանը, դրական դինամիկա է արձանագրել. «Արյան մեջ գլյուկոնացված հեմոգլոբինի ստուգման համար իրականացվող անալիզը ցույց է տալիս, թե վերջին եռամսյակում երեխայի արյան մեջ շաքարն ինչպես է փոխվել: Երկու տարվա ընթացքում բավականին դրական տեղաշարժ եղավ. ցուցանիշը նվազել է»։

Թեկուզ Հայաստանում տարածվածությամբ երրորդ տեղը զբաղեցնող այս հիվանդությունը փորձ է արվում հնարավորինս վերահսկել, այնուամենայնիվ միայն երիտասարդների շրջանում հիվանդացության մակարդակը 7-10 տոկոսով աճել է։ Այս մասին Խանդութ Հովհաննիսյանն ափսոսանքով է նշում, բայց վստահ է՝ հիվանդության ժամանակին կանխարգելումը հնարավորություն կտա խուսափել բարդություններից։ Իսկ դրա համար անհրաժեշտ է ընդամենը տարին մեկ անգամ արյան անալիզ հանձնել՝ շաքարի մակարդակը որոշելու նպատակով։ Դրա  համար  ևս ստեղծված են բոլոր պայմանները. ոչ վարակիչ հիվանդությունների՝ շաքարային դիաբետի, զարկերակային գերճնշման և արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ կանխարգելման նպատակով հանրապետության ողջ տարածքում գործող շուրջ 360 առողջության առաջնային պահպանման օղակներում՝ պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում, 35-68 տարեկան քաղաքացիները՝ ռիսկային խմբի մարդիկ, կարող են  անվճար սկրինինգային հետազոտություն անցնել։ Ծրագիրը, որի շրջանակում իրականացվում է անվճար սկրինինգային հետազոտություն, առողջապահության նախարարությունը ներդրել է 2015թ. և կոչվում է «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում»։

Նշենք, որ Հայաստանում ՈՎՀ-ի հիվանդացության, մահացության բուրգում շաքարային դիաբետը զիջում է միայն արյան շրջանառության համակարգի հիվանդություններին և չարորակ նորագոյացություններին՝ զբաղեցնելով երրորդ տեղը: Ըստ առողջապահության նախարարության տվյալների՝ 2016 թվականին ՀՀ բնակչության շրջանում շաքարային դիաբետի` կյանքում առաջին անգամ ախտորոշված և գրանցված դեպքերի թիվը կազմել է 9146, պացիենտների ընդհանուր թիվը` 82671, որից 1-ին տիպի շաքարային դիաբետով պացիենտների թիվը 14350 է, իսկ 2-րդ տիպի շաքարային դիաբետով պացիենտների թիվը` 68321:

Հետևեք մեզ նաև Telegram-ում