Ղրղզստանն ու Ղազախստանը ստորագրել են սահմանին իրավիճակի կարգավորման «ճանապարհային քարտեզը»

Ղրղզստանն ու Ղազախստանը ստորագրել են սահմանին իրավիճակի կարգավորման «ճանապարհային քարտեզը»

Ղրղզստանի ու Ղազախստանի կառավարությունները Աստանայում բանակցությունների ժամանակ ստորագրել են սահմանին իրավիճակի կարգավորման «ճանապարհային քարտեզը»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Ղրղզստանի կառավարության մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Երկու հարևանների միջև հարաբերությունները վատացել էին 2017 թվականի սեպտեմբերին, երբ Ղրղզստանի այն ժամանակվա նախագահ Ալմազբեկ Աթամբաևը մեղադրեց Ղազախստանին իրենց ներքին գործերին, մասնավորապես երկրի նախագահի ընտրության գործընթացին խառնվելու մեջ: Ղազախստանը Ղրղզստանի սահմանին անվտանգության խստացված միջոցներ էր ձեռնարկել, ինչի հետևանքով սահմանին ամենօրյա բեռների փոխադրումը կրճատվել էր գրեթե երեք անգամ:

Նոյեմբերի 30-ին Ղրղզստանի նոր նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել էր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Երկու երկրի ղեկավարները համաձայնության էին եկել սահմանին իրավիճակը կարգավորելու հարցում: Արդեն դեկտեմբերի 1-ին Ղրղզստանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր Ղազախստան՝ «ճանապարհային քարտեզ»-ի քննարկման նպատակով:

Կողմերը պայմանավորվել են, որ դեկտեմբերի 3-ից սկսած ղրղզա-ղազախական սահմանն աշխատելու է սովորական ռեժիմով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում