Աշոտյանը Մերձավոր Արևելքի զարգացումները կարևորում է Հայաստանի և Արցախի անվտանգության տեսանկյունից

Աշոտյանը Մերձավոր Արևելքի զարգացումները կարևորում է Հայաստանի և Արցախի անվտանգության տեսանկյունից

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը Հայաստանի համար կարևորում է Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացները, քանի որ այդ տարածաշրջանը Հայաստանին շատ մոտ է գտնվում: Դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Աշոտյանն ընդգծեց, որ այդ տարածաշրջանում ընթացող գործընթացները կարևոր են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության, տարածաշրջանում կայունության ապահովման տեսակետից: «Եկող տարի սա պետք է դառնա կարևոր ուղղություն խորհրդարանական դիվանագիտության տեսակետից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց պատգամավորը:

Նա նկատեց, որ Հայաստանում շատ հաճախ են խոսում Երևանի և Մոսկվայի, Երևանի և Բրյուսելի միջև հարաբերությունների մասին, սակայն հաճախ մոռանում են Մերձավոր Արևելքի մասին:

Աշոտյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է ընդհանրապես իսլամական աշխարհի երկրների հետ հարաբերություններն ակտիվացնի: «Երբ իսլամական աշխարհ եմ ասում, նկատի ունեմ ինչպես արաբական երկրները, այնպես էլ Իրանը, ինչպես նաև մուսուլմանական այն խոշոր երկրները, որոնք Հայաստանի մասին շատ սուղ տեղեկություններ ունեն»,- պարզաբանեց Աշոտյանը:

Նա հիշեցրեց, որ Բաքուն Երևանի համար չափազանց վտանգավոր քաղաքականություն է վարում՝ փորձելով նրա դեմ տրամադրել իսլամական աշխարհի երկրներին: Առայժմ Ադրբեջանին չի հաջողվում իր նպատակներին հասնել, սակայն այս մարտահրավերները կան, և Հայաստանը պարզապես պարտավոր է իսլամական պետությունների և ժողովուրդների հետ իր շփումներն ակտիվացնել և ընդլայնել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում