Փաստական տվյալներն անհերքելի են դարձնում Իրաքում եզդիների նկատմամբ ցեղասպան գործողությունները

Փաստական տվյալներն անհերքելի են դարձնում Իրաքում եզդիների նկատմամբ ցեղասպան գործողությունները

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվեց «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունների դատապարտման մասին» մասին հայտարարության նախագիծը: Որպես հիմնական զեկուցող հանդես ԱԺ ՀՀԿ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը: Նրա խոսքով ցեղասպանություն տեսած հայ ժողովուրդը չէր կարող ուշադրությունից դուրս թողնել այնպիսի գործողություններ, որոնք ուղղված են մարդկության դեմ:

«Որպես մարդկության դեմ կատարված հանցագործություններ, դրանք ենթակա են դատապարտման, որովհետեւ նույնիսկ հայ ժողովրդի մասով միջազգային հանրություն ամբողջապես դատապարտել եւ ճանաչել: Ցավալի է, որ 21 դարում շարունակվել են նման գործողություններ ամբողջ աշխարհի առջեւ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց պատգամավորը՝ հիշեցնելով, որ 2014 թվականին օգոստոսի 3-ին հարձակումներ եղան Իրաքի Սինջար քաղաքի վրա, սկզբնական շրջանում հարձակման զոհ դարձան ավելի քան 800 եզդիներ, որից հետո 5000 կանայք եւ աղջիկներ առեւանգվել, ենթարկվել են ստրկության, սեռական շահագործման:

«Բոլոր փաստական տվյալները եւ ապացույցները անհերքելի են դարձնում այդ ժողովրդի նկատմամբ կատարված գործողությունները»,-ընդգծեց Ռուստամ Մախմուդյանը:

ԱԺ մեկ այլ պատգամավոր Շիրակ Թորոսյանը հավելեց, որ նախագիծը ուշացած էր, եւ խորհրդարանը պետք է անպայման անդրադարձ կատարի այս հարցին:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հարց ուղղեց Ռուստամ Մախմուդյանին, թե որքանո՞վ է նպատակահարմար կիրառել «ցեղասպան գործողություններ» եզրույթը:

«Տպավորություն է ստեղծվում, որ դա ոչ թե ցեղասպանությունն է, այլ ցեղասպանության տարրեր պարունակող գործողություններ։ Եթե մենք ուզում ենք դատապարտել ցեղասպանությունն ամբողջությամբ, ճիշտ կլինի կիրառել «ցեղասպանություն» եզրույթը եւ ասել, որ եզդի ժողովրդի դեմ կատարված ցեղասպանությունն ենք դատապարտում»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Հիմնական զեկուցողը նշեց, որ «ցեղասպան գործողություն» եւ «ցեղասպանություն» եզրույթները միջազգային իրավունքի տեսանկյունից նույնն են:

Հանձնաժողովի անդամները միաձայն կողմ քվեարկեցին, որպեսզի հայտարարության նախագիծն ընդգրկվի ԱԺ նիստերի օրակարգում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում